Կոալիցիայի մասին հայտարարությունից հետո ձերբակալվել է «Միասնական Վարդենիս» դաշինքի ցուցակը գլխավորող Ա. Հարությունյանը. News.am

09-12-2021 15:57

Վարդենիսում տեղի ունեցած ՏԻՄ ընտրություններից հետո, երբ «Ահարոն Խաչատրյան» եւ «Միասնական Վարդենիս» դաշինքները կոալիցիա կազմելու մասին հայտարարություն տարածեցին, «Միասնական Վարդենիս» դաշինքի ցուցակը գլխավորող Արամ Հարությունյանին Սեւանի քննչական կոմիտեն հրավիրել է հարցաքննության ու ձերբակալել: Այս մասին այսօր՝ դեկտեմբերի 9-ին, NEWS.am-ի հետ զրույցում ասաց «Միասնական Վարդենիս»  դաշինքի անդամ Դավիթ Շահնազարյանը: Դավիթ Շահնազարյանն ասաց, որ Քննչական կոմիտեն Արամ Հարությունյանին կալանավորելու մասին միջնորդություն է ներկայացրել դատարան: «Մենք կարծում ենք, որ սա քաղաքական հետապնդում է եւ որեւէ կապ չունի իրավական հարթության հետ: Եթե քաղաքական պրոցես չլիներ, ապա այդ գործընթացը վաղուց պետք է սկսված լիներ»,- նշեց նա: Ըստ դաշինքի անդամի՝ թիմակցին ձերբակալել են նախկինում հարուցված քրեական գործով. «Եթե նախկին գործի շրջանակներում է, ապա ինչու մինչեւ այժմ այդպիսի որեւէ հրավեր կամ խոսակցություն չկար: Այդ ձերբակալումն առաջացավ դաշինքների՝ իրար միանալու պահից սկսած»: Նշենք, որ Վարդենիսի ՏԻՄ ընտրություններում «Ահարոն Խաչատրյան» դաշինքը ստացել է 16.51 տոկոս, «Միասնական Վարդենիս» դաշինքը՝ 37.76 տոկոս: Եվ ընտրությունների արդյունքում ձայների 46.11%-ը ստացած «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը, որի համամասնական ցուցակը գլխավորում է Վարդենիսի գործող քաղաքապետ Արամ Մելքոնյանը, չկարողացավ տեղական իշխանություն ձեւավորել:

Lragir.am,
09-12-2021 15:57