Լրագրողական կազմակերպությունների համատեղ հայտարարությունը լրագրող Թաթուլ Հակոբյանի դեմ իրականացված արշավի կապակցությամբ

09-12-2021 16:02

Աշխատանքային ուղևորությամբ ԱՄՆ-ում գտնվող լրագրող Թաթուլ Հակոբյանը դեկտեմբերի 8-ին ահազանգել է, որ իր հասցեին սպառնալիքների, հաշվեհարդարի, անգամ՝ կյանքից զրկելու կոչեր են հնչել: Ըստ նրա՝ այդ արշավն ուղղորդվում է Հայաստանից և ԱՄՆ հայկական որոշ շրջանակներից, իսկ սպառնալիքների առիթը, ըստ լրագրողի, վերջերս հրապարակայնորեն արտահայտած իր հետևյալ միտքն է․ «Հայաստանն այնտեղ է, որտեղ կանգնած է հայ զինվորը»: Այս փաստի վրա լրագրողը հատկապես հրավիրել է իրավապահ մարմինների, լրագրողական կազմակերպությունների, Մարդու իրավունքների պաշտպանի, ՀՀ-ում ԱՄՆ դեսպանատան ուշադրությունը: Նա խոստացել է Հայաստան վերադառնալուն պես իր դեմ արշավի վերաբերյալ անուններ և փաստեր ներկայացնել: Այս պահին լրագրողը գտնվում է ԱՄՆ ոստիկանության ուժերի պաշտպանության ներքո: Տեղի ունեցածը ևս մեկ անգամ վկայում է, որ թե՛ քաղաքական շրջանակներում, թե՛ հայ հասարակության մեջ չի ձևավորվել քաղաքակիրթ բանավեճի մշակույթ, իսկ Արցախյան 44-օրյա պատերազմից հետո ծայրաստիճան սրված անհանդուրժողականությունը այլակարծության նկատմամբ խորանում է: Անկախ նրանից՝ որևէ մեկին դուր են գալիս Թաթուլ Հակոբյանի մտքերն ու վերլուծությունները, թե ոչ, նա հայ լրագրության լավագույն ներկայացուցիչներից մեկն է, որը խորապես ուսումնասիրել է Արցախյան խնդիրը և խիզախորեն լուսաբանել է այն, այդ թվում՝ ռազմական գործողությունների առաջնագծից: Որպես լրագրող, վերլուծաբան և քաղաքացի՝ նա իրավունք ունի ազատորեն կարծիք արտահայտել, և դրա համար իր և առհասարակ ցանկացած անձի հասցեին սպառնալիքներ ու կյանքից զրկելու կոչեր ուղղելը քրեորեն պատժելի արարք է: Մենք՝ ներքոստորագրյալ կազմակերպություններս, խստորեն դատապարտում ենք Թաթուլ Հակոբյանի նկատմամբ իրականացվող անթույլատրելի արշավը և զորակցություն ենք հայտնում մեր գործընկերոջը: Տեղի ունեցածի առնչությամբ պահանջում ենք․ ՀՀ դատախազությունից՝ անհապաղ միջոցառումներ ձեռնարկել այս սպառնալիքների արշավն իրականացնողներին ու նրանց ուղղորդողներին բացահայտելու և պատասխանատվության ենթարկելու համար, մանավանդ, որ լրագրողը պատրաստ է տալ կոնկրետ անուններ, Ոստիկանությունից՝ Հայաստան ժամանելուն պես ապահովել Թաթուլ Հակոբյանի անվտանգությունը: Կոչ ենք անում լրագրողական հանրությանը՝ համերաշխություն ցուցաբերել և սատարել Թաթուլ Հակոբյանին՝ դիմակայելու իր նկատմամբ ձեռնարկված դատապարտելի գործողություններին: ԽՈՍՔԻ ԱԶԱՏՈՒԹՅԱՆ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ԿՈՄԻՏԵ ԵՐԵՎԱՆԻ ՄԱՄՈՒԼԻ ԱԿՈՒՄԲ ՄԵԴԻԱ ՆԱԽԱՁԵՌՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԿԵՆՏՐՈՆ ԼՐԱԳՐՈՂՆԵՐԻ «ԱՍՊԱՐԵԶ» ԱԿՈՒՄԲ ԻՆՖՈՐՄԱՑԻԱՅԻ ԱԶԱՏՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆ ԲԱԶՄԱԿՈՂՄԱՆԻ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ԻՆՍՏԻՏՈՒՏ – ՀԱՅԱՍՏԱՆ ՀԱՆՐԱՅԻՆ ԼՐԱԳՐՈՒԹՅԱՆ ԱԿՈՒՄԲ «ԼՐԱԳՐՈՂՆԵՐ ՀԱՆՈՒՆ ԱՊԱԳԱՅԻ» ՀԿ «ԼՐԱԳՐՈՂՆԵՐ ՀԱՆՈՒՆ ՄԱՐԴՈՒ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԻ» ՀԿ ԳՈՐԻՍԻ ՄԱՄՈՒԼԻ ԱԿՈՒՄԲ «ՖԵՄԻԴԱ» ՀԿ

Lragir.am,
09-12-2021 16:02