ԵՊՀ-ում բացվել է Ամերիկյան հետազոտությունների կենտրոնը

09-12-2021 16:13

Դեկտեմբերի 9-ին ԱՄՆ դեսպան Լին Թրեյսին Երևանի պետական համալսարանի ռեկտորի պաշտոնակատար Հովհաննես Հովհաննիսյանի հետ մասնակցեց Ամերիկյան հետազոտությունների կենտրոնի բացմանը և Երևանի պետական համալսարանում «Ամերիկագիտություն» առաջին մագիստրոսական կրթական ծրագրի պաշտոնական մեկնարկին նվիրված միջոցառմանը: Այս մասին հայտնում են Հայաստանում ԱՄՆ դեսպանատնից: 2019թ․, դրամաշնորհ ստանալով ԱՄՆ դեսպանության հանրային դիվանագիտության գրասենյակից, ԵՊՀ-ը ձեռնամուխ եղավ Ամերիկյան հետազոտությունների կենտրոնի և «Ամերիկագիտություն» մագիստրոսական կրթական ծրագրի ձևավորման աշխատանքներին: Այս ծրագրի իրականացման աշխատանքներում ԵՊՀ-ի գործընկերն էր Արիզոնայի համալսարանը: Ամերիկյան հետազոտությունների կենտրոնը կծառայի որպես ԱՄՆ հասարակաքաղաքական իրողությունների շուրջ հետազոտությունների ու վերլուծությունների կարևոր կառույց: Իսկ մագիստրոսական կրթական ծրագրով արդեն կատարվել է առաջին՝ 2021-22 ուստարվա ընդունելությունը: «Այս մագիստրոսական կրթական ծրագիրը հայ ուսանողներին հնարավորություն է տալիս այստեղ՝ Հայաստանում, ուսումնասիրել Միացյալ Նահանգների արտաքին քաղաքականությունը, դիվանագիտությունը, տնտեսությունը, հասարակությունը, և արդյունքում նրանք ձեռք են բերում այնպիսի հմտություններ, որոնց շնորհիվ կարողանում են առավել լավ պատկերացնել ու հայ հասարակությանը պարզաբանել ամերիկյան հասարակաքաղաքական իրողությունները», – ասաց դեսպան Թրեյսին:

Lragir.am,
09-12-2021 16:13