«ԵՊՀ շրջանավարտների միավորում»-ը Կապանում հանրային նշանակության խոշոր գոտի է կառուցում

«ԵՊՀ շրջանավարտների միավորում» հասարակական կազմակերպությունը Սյունիքի մարզկենտրոն Կապանում 1․7 մլրդ դրամի ներդրումային ծրագիր է իրագործում: Կապան քաղաքի Գ. Արզումանյանի 111/1 հասցեում գտնվող 1,7645 հա մակերեսով հողամասում կառուցում է հանրային նշանակության գոտի: Մասնավորապես, կառուցվում է մարզահամալիր, բացօթյա լողավազան, մանկական խաղահրապարակ, շատրվան, ճեմուղիներ, սրճարան, հանգստի գոտիներ: Տնկվելու են արագահաս և սաղարթախիտ ծառեր, ձևավորվելու են սիզամարգեր: Նախագծի ընդհանուր արժեքը 1.74 մլրդ դրամ է: Պուրակի կառուցումը մեկնարկել է 2020 թվականի մայիսին, մարզաառողջարանային համալիրի շինարարությունը նախատեսվում է ավարտել 2022 թվականի մայիսին: Իսկ մյուս ենթակառուցվածքների կառուցման աշխատանքները նախատեսվում է ավարտել 2023 թվականի հունիսին: Հանրային նշանակության գոտում ստեղծվելու է շուրջ 40 աշխատատեղ: «Գաղափարը ծնվեց նրանից, որ մենք որոշակի փորձառություն ունենք մարզաառողջարանային համալիր շահագործելու հարցում: Այս հողակտորը մեզ տրամադրված էր բազմաբնակարան շենք կառուցելու համար, սակայն հանքաերկրաբանական ուսումնասիրությունների արդյունքում պարզվեց, որ ստորջրյա ջրերի հոսքը այն աստիճանի է, որ նպատակահարմար չէ բազամահարկի կառուցումը: Եվ որոշեցինք, այնուամենայնիվ, ներդրումային ծրագիրն իրականացնել՝ վերականգնել այս տարածքի նախորդ նշանակությունը: Իսկ ԽՍՀՄ տարիներին այս տարածքում քաղաքի լողավազանն է գործել: Սա վերջին տարիների համար տեղի բնակչության համար լավագույն ենթակառուցվածքը կլինի: Առհասարակ, Սյունիքի մարզում նման ենթակառուցվածք չկա, իսկ սյունեցին արժանի է ունենալու կյանքի համար ավելի լավ պայմաններ, ճիշտ այնպիսին, ինչպիսիք կան մայրաքաղաք Երևանում»,- ասաց «ԵՊՀ շրջանավարտների միավորում» ՀԿ նախագահ Արսեն Քարամյանը: Անվտանգության խնդիրներով պայմանավորված՝ ներկայում Կապան քաղաքում ներդրումային ծրագրերի մասով զգուշավորություն նկատվում է: Համայնքի ղեկավար Գևորգ Փասյանն ասում է, որ պատերազմի շրջանում «սառեցված» ներդրումային ծրագրեր կային, որոնք ներդրողները սկսել են նորից կյանքի կոչել: Ակնկալվում է, որ առաջիկայում ներդրումային ծրագրերի աճ կլինի քաղաքում: «Նման ծրագիր իրականացնելը Կապան համայնքում մեծ անհրաժեշտություն է նաև տնտեսական ակտիվությունն ապահովելու տեսանկյունից»,- ասաց Փարսյանը: Արսեն Քարամյանը ներդրողներին կոչ է անում ներդրումներ կատարել մարզերում: «Պատերազմի օրերին մենք Կապանում գտնվում էինք բուռն շինարարական փուլի մեջ և մեկ օր անգամ կանգ չենք առել, որովհետև կանգառն արդեն իսկ նշանակում է պարտություն: Սահմանն անվտանգ է աշխատանքով, ներդրմամբ և ստեղծագործությամբ: Սա է բանաձևը, ուրիշ տարբերակ ուղղակի գոյություն չունի: Իսկ անվտանգությունն սկսվում է ժողովրդագրությունից: Իսկ ժողովրդագրական խնդիրների լուծման համար պայմաններ պետք է ստեղծել, պայմանների բաղադրիչներից մեկը նաև պետք է դիտարկել ենթակառուցվածքները: Ես առհասարակ բոլոր ներդրողներին կոչ եմ անում, որ յուրաքանչյուրն իր հնարավորության սահմաններում գտնի տարբերակ՝ Երևանից դուրս որևէ մարզում ներդրում անելու: Հայաստանի առջև ծառացած խնդիրը նաև տարածքային համաչափ զարգացման խնդիրն է, որովհետև խիստ անհամաչափություն ունենք Երևանում և մարզերում: Երևանից դուրս պետք է կատարել այնպիսի ներդրում, որպեսզի մի փոքր ավելի բարելավվի մազերի բնակիչների կյանքը: Նույնիսկ փոքր ներդրումները կարող են դառնալ մեծ հաջողության ու հաղթանակի գրավական»,- նշեց Քարամյանը:

ՌՈԶԱ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ, Լրագրող
09-12-2021 16:32