Վրաստանը չի մասնակցի դեկտեմբերի 10-ին նախատեսված 3+3 ձևաչափի հանդիպմանը․ Վրաստանի ԱԳՆ

09-12-2021 16:22

Թբիլիսին հայտարարել է, որ Վրաստանը չի մասնակցի դեկտեմբերի 10-ին նախատեսված 3+3 ձևաչափի հանդիպմանը, գրում է Գրուզիա օնլայնը: Ինչպես նշել է երկրի ԱԳ նախարարությունը, Վրաստանը չի դիտարկի այս ձեւաչափին մասնակցելու հնարավորությունը: «Վրաստանի արտաքին գործերի նախարարությունը բազմիցս հստակ դիրքորոշում է հաստատել այսպես կոչված 3 + 3 ձևաչափով տարածաշրջանային համագործակցության նախաձեռնության հետ կապված, այդ թվում՝ ԱԳ նախարարը վերջին խորհրդարանական լսումներին խոսել է այդ հարցի շուրջ: Մենք չենք դիտարկում մասնակցությունն այս ձևաչափին, և, հետևաբար, Վրաստանը ներկայացված չի լինի դեկտեմբերի 10-ին նախատեսված հանդիպմանը»,- ասված է Վրաստանի ԱԳՆ տարածած հայտարարության մեջ: 3 + 3 ձևաչափով առաջին հանդիպումը նախատեսված է հինգշաբթի օրը Մոսկվայում: Այս տեղեկությունը տարածել է Թուրքիայի ԱԳՆ-ն: Հանդիպմանը կմասնակցեն Թուրքիայի, Ռուսաստանի, Իրանի, Ադրբեջանի և Հայաստանի պատվիրակությունները՝ ԱԳ փոխնախարարների գլխավորությամբ:

Lragir.am,
09-12-2021 16:22