Այն լրագրողները, որոնք կծանոթանան այս նախագծին, չեն ունենա որևէ մտահոգություն․ արդարադատության նախարար

09-12-2021 17:16

Ազգային ժողովում անանուն աղբյուրի բացահայտման վերաբերյալ նախագծի քննարկման ժամանակ արդարադատության նախարար Կարեն Անդրեասյանն անդրադարձավ լրատվամիջոցների գործունեությանը: Նրա խոսքով՝ խոսքի ազատությանը վերաբերող ցանկացած քննարկման ժամանակ սկսվում են շահարկումները, որ իբր փորձ է արվում լռեցնել մարդկանց ազատ արտահայտվելու հնարավորությունը, փորձ է արվում խոչընդոտել լրագրողական գործունեությանը: «Ես մեր մասնագիտական դիրքորոշումն եմ ուզում այստեղ հայտնել, որ պատասխանատու լրատվությունը, հանրությանն օբյեկտիվ ու ճշմարիտ տեղեկություն հասցնելը լրատվամիջոցների, լրագրողների սուր պարտականությունն է: Եվ որքան օրենսդրությունն օգնում է իրենց, որպեսզի այդպիսի տեղեկություններ տարածեն, այնքան հենց բարձրանում է լրատվամիջոցների հեղինակությունը: Եվ ես վստահ եմ, որ այն լրագրողները, որոնք կծանոթանան այս նախագծին, չեն ունենա որևէ մտահոգություն: Մտահոգվել կարող են միայն այնպիսի լրագրողները կամ լրատվամիջոցները, ովքեր փորձում են ապատեղեկատվություն տարածել ու հետո ազատվել պատասխանատվությունից: Ֆեյք նյուզ տարածելն ամբողջ աշխարհում անընդունելի է, և մեր օրենսդրությունը չպիտի թույլ տա տարածել ապատեղեկատվություն, կեղծիք, զրպարտություն, հետո ասել՝ քանի որ դա ինչ-որ անանուն աղբյուր է ասել, ուրեմն ես ազատվում եմ պատասխանատվությունից: Ամբողջ աշխարհում ընդունված ստանդարտ է՝ ուզում ես պահպանել քո աղբյուրի գաղտնիությունը, ուրեմն պատրաստ եղիր ինքդ օրենքի առաջ պատասխան տալու: Չես ուզում պատասխանատվության ենթարկվել զրպարտության համար, ուրեմն բարի եղիր հղում անել այնպիսի աղբյուրի, որը կարող է նույնականացվել»,- ասաց նա: Կարեն Անդրեասյանն անդրադարձավ նաև ֆինանսների թափանցիկության հարցին: Ըստ նրա՝ քննարկումների ժամանակ կարծիքներ են հնչում, որ լրատվամիջոցների ֆինանսական թափանցիկությունը չպետք է լիարժեք ապահովվի: «Մենք գտնում ենք, որ լրատվական դաշտում կոռուպցիան նույնքան վտանգավոր է, որքան մնացած բոլոր կառույցներում ու ոլորտներում: Հետևաբար, լրատվամիջոցի թափանցիկությունը շատ կարևոր է, և դրա համար մենք գտնում ենք, որ այս նախագիծը մեծ քայլ է, որպեսզի բոլոր լրատվամիջոցները գործեն ազատ, անկախ, բայց նաև թափանցիկ ու հաշվետու լինեն իրենց շահառուների առաջ»,- հավելեց նա:

Lragir.am,
09-12-2021 17:16