ՊԵԿ նախագահն ԱԺ-ում ներկայացրել է հարկային և մաքսային ծառայությունների օրենքներում փոփոխություններ կատարելու մասին նախագծերը

17-12-2021 10:06

Կփոփոխվեն մաքսային և հարկային ծառայության ընդունելության ընթացակարգերը Ազգային ժողովի արտահերթ նիստում երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունվել է ՊԵԿ նախագահ Ռուստամ Բադասյանի ներկայացրած ««Հարկային ծառայության մասին» օրենքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին» և ««Մաքսային ծառայության մասին» օրենքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին» օրենքների նախագծերի փաթեթը: Այս նախաձեռնության նպատակն է ունենալ հարկային և մաքսային ծառայողների կերպարի հանրային ընկալման փոփոխություն: Նախատեսվում է ուսումնական կենտրոնի միջոցով կազմակերպել բարձր որակավորում ունեցող հարկային և մաքսային ծառայողների պատրաստման դասընթացներ: Համակարգում պաշտոն զբաղեցնելու իրավունք կունենան այդ դասընթացները հաջողությամբ ավարտած ու հավաստագիր ստացած անձինք: Հարցազրույցի միջոցով կընտրվի տվյալ թափուր պաշտոնի համար լավագույն ցուցանիշներ գրանցած թեկնածուն: Առանձնակի կարևորություն է ստանալու բարեվարքության ստուգման ընթացակարգը: Օրենսդրական նախաձեռնությունը միտված է նաև հենց նման համակարգ ունենալուն: Հարկային և մաքսային ծառայողները կվերապատրաստվեն թիրախային և ժամանակակից ծրագրերով: Ըստ ՊԵԿ նախագահ Ռուստամ Բադասյանի, այս փոփոխությունների արդյունքում հնարավոր կլինի հավաքագրել բարձր մասնագիտական պատրաստվածությամբ օժտված կադրեր, կանցկացվի բարեվարքության ստուգում, հարկային և մաքսային մարմինների գործառույթներն ավելի պատշաճ կիրականացվեն:  Շեշտադրում կկատարվի նաև այն հանգամանքին, որ ՊԵԿ-ը ոչ միայն հավաքագրող և վարչարարություն իրականացնող, այլև ծառայություններ մատուցող կառույց է, և տվյալ մասնագետները պատրաստ կլինեն որակյալ ծառայությունների մատուցմանը: ՊԵԿ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժին

Lragir.am,
17-12-2021 10:06