Ներքին Թաղավարդի դպրոցում սովոր են կրակոցներին

04-01-2022 16:06

Media Stepanakert. Արցախի Մարտունու շրջանի Ներքին Թաղավարդի դպրոցը գործում է բնականոն հունով, չնայած աշակերտները կրակոցների դեպքում ստիպված են լինում շենքի ներսում մնալ: 2020թ. Արցախյան 44-օրյա պատերազմից հետո սահմանամերձ դարձած Ներքին Թաղավարդի դպրոցը ադրբեջանական դիրքերից մոտ 1 կմ հեռավորության վրա է գտնվում: Պատերազմից հետո այստեղ դասերը վերսկսվել են այս տարվա հունվարի 8-ին: Ժամանակի ընթացքում դպրոց են վերադարձել բոլոր ուսուցիչները և 52 աշակերտից 38-ը: Դպրոցի 20 տարվա դասվար Նառա Ղուլյանի խոսքով` սկզբնական շրջանում բոլոր ծնողներն ամեն օր գալիս էին երեխաներին տուն տանելու, հիմա արդեն տարրական դասարաններում սովորողներից մեկի ծնողն է բոլորին տանում: Ծնողներն ու ուսուցիչներն ավելի ուշադիր են դարձել երեխաների անվտանգության հարցում: Բարձր դասարանների աշակերտներն արդեն հարմարվել են պարբերաբար հնչող կրակոցներին: 9-րդ դասարանի աշակերտուհի Ալիսան ասում է, որ պատերազմից հետո գյուղի դպրոց հաճախելիս հաճախ էր հայացքը հառում դեպի ադրբեջանական դիրքերը, հիմա արդեն ուշադրություն չի դարձնում: Պատերազմից հետո աշակերտները բակային խաղեր չէին խաղում: Հիմա արդեն հաճախ են դասամիջոցներին դուրս գալիս բակ: Երեխաները հաճախ են ուսուցիչների հետ անկեղծանում. «Ստեղի օդը ուրիշ հոտ ունի, մեր գյուղի օդը որ շնչում ենք, ավելի ենք մեզ լավ զգում, ուրիշ տեղ չենք կարողանում ապրել»,- ասում են նրանք: Հեղինակ` Սիրանուշ Ադամյան

Lragir.am,
04-01-2022 16:06