Կառավարությունը որոշում է կայացրել ազատել ներմուծման մաքսատուրքից «ԴՐԻՄՔՈՄՓԱՆԻ» ընկերությանը

05-01-2022 14:10

Կառավարությունը որոշում է կայացրել ազատել մաքսատուրքից «ԴՐԻՄՔՈՄՓԱՆԻ» ընկերությանը: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, Կառավարության սույն որոշումը պայմանավորված է «ԴՐԻՄՔՈՄՓԱՆԻ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության կողմից գերակա ոլորտում իրականացվող ներդրումային ծրագրի շրջանակներում ներմուծվող տեխնոլոգիական սարքավորումները, դրանց բաղկացուցիչ ու համալրող մասերը, հումքը և (կամ) նյութերը ներմուծման մաքսատուրքից ազատելու անհրաժեշտությամբ: «ԴՐԻՄՔՈՄՓԱՆԻ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության կողմից ներմուծվող հումքը օգտագործվելու է ծխախոտի արտադրության համար (ք. Երևան):  Ընկերությունը հիմնադրվել է 2021 թվականին: Դրիմքոմփանի  ընկերության  ռազմավարությունը  միտված է սեփական արտադրանքը արտաքին  շուկաներում ներկայացնելուն,  որի նպատակով նախատեսվում է արտադրանքի  80%-ի արտահանում ԵԱՏՄ և երրորդ երկրներ: Ծրագրի շրջանակում նախատեսվում է իրականացնել 11․9մլրդ դրամի ներդրում, որից 2 մլրդ դրամը նոր հոսքագծի ձեռքբերման համար, իսկ մնացած մասը՝ շինարարական աշխատանքների իրականացման և հումք ու նյութերի ձեռքբերման համար: Նախատեսվում է ներդրումային ծրագրի շրջանակում մինչև 2024թ ստեղծել 100 նոր աշխատատեղ` մինչև 450,000 դրամ միջին աշխատավարձով: Արտոնություն ստանալու համար ներկայացված ապրանքների արժեքը կազմում է 9․9 մլրդ դրամ: Մաքսատուրքից ազատման արտոնությունը գնահատվում է 937․7 մլն դրամ: Ներմուծվող ապրանքները չեն ներմուծվում ԵԱՏՄ անդամ-երկրներից, քանի որ չեն բավարարում ընկերության տեխնիկական պահանջներին:

Lragir.am,
05-01-2022 14:10