Սուրեն Չախալյանը՝ ՀՖՖ Տեխնիկական տնօրեն

05-01-2022 17:02

Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան նոր տեխնիկական տնօրեն ունի: Այսուհետ այդ պաշտոնը կզբաղեցնի Սուրեն Չախալյանը: Այս մասին հայտնում է ՀՖՖ-ն: Այդ պաշտոնում 49-ամյա մասնագետը կփոխարինի Ռաֆայել Նազարյանին, որը, ելնելով խիստ ծանրաբեռնածությունից, ՀՖՖ Տեխնիկական տնօրենի պաշտոնից հրաժարականի դիմում է ներկայացրել: ՀՖՖ նախագահ Արմեն Մելիքբեկյանն ընդունել է հրաժարականի դիմումը և շնորհակալություն հայտնել Ռաֆայել Նազարյանին կատարած աշխատանքի համար: Նազարյանն այսուհետ կկենտրոնանա Հայաստանի մինչև 21 տարեկանների հավաքականում և ԲԿՄԱ-ում իր աշխատանքի վրա: ՀՖՖ նախագահի մեկ այլ հրամանով ՀՖՖ Տեխնիկական տնօրեն է նշանակվել Սուրեն Չախալյանը: ՀՖՖ նորանշանակ տեխնիկական տնօրենը մարզչական հարուստ կենսագրություն ունի: Աշխատել է  «Փյունիկում», «Արարատում», «Ուլիսում», Հայաստանի մինչև 17 տարեկաների հավաքականում՝ որպես գլխավոր մարզիչ, Հայաստանի մինչև 21 տարեկանների և ազգային հավաքականներում՝ որպես գլխավոր մարզչի օգնական: Չախալյանն ունի նաև ադմինիստրատիվ աշխատանքի փորձ. 2021 թվականի փետրվարից ՀՖՖ Տեխնիկական կենտրոն/ֆուտբոլի ակադեմիայի մարզական տնօրենն էր և տեխնիկական տնօրինությանը կից ստեղծված մարզչական խորհրդի անդամ:

Lragir.am,
05-01-2022 17:02