Երեկ հայ զինծառայողներն ուժգին հակահարված են տվել․ «տղերքը զենքի մի մեծ պահեստ են պայթեցրել»

Գեղարքունիքի մարզի ուղղությամբ ադրբեջանական երեկվա հարձակման ժամանակ հայ զինծառայողները հուժկու հակահարված են տվել, այսօր իրավիճակը հանգիստ է: Այս մասին Lragair.am-ին ասաց Վերին Շորժա համայնքի ղեկավար Արտեմ Երանոսյանը: «Ես դիրքերում եմ, հանգիստ իրավիճակ է: Մեր տղերքի տրամադրությունը բարձր է, հաստատակամ կանգնած են: Հազար ափսոս, որ երեկ զոհ տվեցինք, բայց դիրքերում նստած տեսնում եմ, թե ինչեր ենք արել երեկ դրանց գլխին: Մերոնք էն աստիճանի են խփել թշնամուն, որ չենք իմանում, թե դրանց խելքը երբ կգա գլուխները»,- ասաց նա: Նշենք, որ համացանցում արդեն տարածվել է տեսանյութ, ըստ որի՝ հայ զինծառայողները երեկ խոցել են ադրբեջանական դիրքերում տեղակայված զինամթերքի պահեստը, այն այրվել է: «Ինձ ցույց են տալիս, որ տղերքը զենքի մի մեծ պահեստ են պայթեցրել: Ընենց են խփել, դրանք օդ են թռել»,- ասաց Վերին Շորժայի համայնքապետը: «Մեր ժամկետային զինծառայողներին էլ եմ հանդիպել էսօր ամբողջ օրը, հետները շփվել եմ: Շատ բարձր տրամադրությամբ են ու ուժեղ: Իսկ մեր համայնքի բնակիչները, երբ տեսնում են, որ ըսենց տղերք են իրենցից առաջ կանգնած, հանգիստ են: Մարդիկ իրենց աչքով տենսում են, հեռու չէ, մոտիկ է, երևում է, թե դրանց գխին ինչեր են թափվում, ինչ ձևի պաժառներ են դրանց պոստերում»,- հավելեց նա: Ըստ Արտեմ Երանոսյանի՝ թշնամուն կարող է զսպել միայն ուժեղ հակահարվածը․ «Այս հակահարվածը շուտվանից պետք է տված լինեինք, մայիս ամսից»:

ՌՈԶԱ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ, Լրագրող
12-01-2022 17:56