Մինչև 1 մլն դրամի ապրանքների արտահանումը մաքսատուրքից կազատվի

13-01-2022 00:21

Կառավարությունն այսօրվա նիստում հաստատեց «Պետական տուրքի մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին» օրենքի նախագիծը: Էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը մանրամասներ նախատեսվող փոփոխությունները․ «Պետական տուրքի մասին օրենքում փոփոխություններ ենք առաջարկում, որի համաձայն՝ մինչև 1 մլն դրամի ապրանքների արտահանումը մաքսատուրքից կազատվի: Սա պետության վրա տարեկան նստելու է ընդամենը 100 մլն դրամ, բայց մենք կարծում ենք, որ իր տնտեսական էֆեկտը լինելու է շատ-շատ մեծ, ինչպես, օրինակ, եղավ, երբ մենք գինու արտահանման վճարը հանեցինք: Դեպի Եվրոպա գինու արտահանման համար սերտիֆիկատի համար անհրաժեշտ էր վճարել 35 հազար դրամ: Այդ վճարը հանելուց հետո 2021 թվականին մոտավորապես 50 տոկոսով աճեց գինու արտահանումը դեպի Եվրոպա: Կարծում ենք, որ սա շատ լուրջ խթան կհանդիսանա փոքր ու միջին ձեռնարկությունների համար՝ անկաշկանդ արտահանում անելու համար»,- ասաց Քերոբյանը: ՊԵԿ նախագահ Ռուստամ Բադասյանն ասաց, որ ՊԵԿ դիտարկումը հետևյալն է՝ մեկ առաքողի կողմից մեկ ստացողին մեկ տրանսպորտային փաստաթղթով և մինչև 1 մլն դրամի գործարքները պետական տուրքից ազատելու հետ կապված խնդիր են տեսնում: «Մեր կարծիքը հետևյալն է՝ եթե ուզում ենք ՓՄՁ արտահանմանը խրախուսել, կարող ենք իրականացնել թիրախային տնտեսական միջոցառումներով: Իսկ այս դեպքում ստացվում է, որ կարող ենք ունենալ մեծ գումարի արտահանում, բայց իրականացնել բաշխում տարբեր սուբյեկտների միջև: Այսինքն՝ եթե սուբյեկտն իմանա, որ մինչև 1 մլն-ն արտոնության տակ է, հնարավոր է վերաբաշխում իրականացնեն և ամեն փոխադրումն արհեստականորեն տեղավորեն այս արտոնության տակ: Այսինքն՝ այս փոփոխությունը տարբեր չարաշահումների առիթ կարող է ստեղծել, 10 մլն-ի արտահանում պետք է անեն, կանեն 10 առանձին փոխադրում»,- ասաց Բադասյանը: Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ասաց․ «Մենք գրել ենք, որ արտահանմանը միտված տնտեսություն ենք ուզում, հետո արտահանման վրա տուրքեր ենք բերել դասավորել: Ընդ որում, դեպքեր կան, որ երբ մենք ուզում էինք տուրք սահմանել, շատ մեծ աղմուկ էր բարձրանում: Երբ մենք հանքանյութի վրա ուզում ենք տուրք սահմանել, ասում են՝ վայ, էս ինչ եք անում, ոնց կարելի է: Հիմա պարզվում է, որ մենք Հայաստանում ստեղծված, ամբողջությամբ արտադրական ցիկլով անցնող արտադրանքի վրա արտահանման տուրք ենք սահմանել: Մեկը կարո՞ղ  էինձ բացատրել, եթե մենք ուզում ենք արտահանումն անընդհատ խթանել, ինչո՞ւ ենք այդպիսի տուրքեր սահմանում»: Նիկոլ Փաշինյանը նշեց, որ խոշոր տնտեսավարողներին ևս պետք է խրախուսել․ «Ես հիմա սա ողջունելով՝ ուրիշ հանձնարարություն եմ տալիս: Ասում եմ՝ նայեք էլ որտեղ տեղ կա, պարտադիր չէ փոքրին խրախուսենք, կարող է տեղ կա, խոշորին էլ ասենք՝ քեզ արտահանման տուրքից ազատում ենք, որովհետև դրա արդյունքում հարյուրավոր աշխատետեղեր կստեղծվեն և այլն: Եթե ուզում ենք արտահանմանը միտված տնտեսություն ստեղծել, ուրեմն ամեն ինչ պետք է անենք, որ արտահանողի առաջ քիչ խոչընդոտ լինի: Մենք ասում ենք՝ ամեն տարի 7 տոկոս տնտեսական աճ պետք է ունենանք, բա ո՞նց պետք է ունենանք, եթե մարդկանց չենք թողնում արտադրեն, արտահանեն»:

Lragir.am,
13-01-2022 00:21