«Ռուս խաղաղապահները չեն զսպում ադրբեջանական ագրեսիան, Ռուսաստանն ու ՀԱՊԿ-ը չեն արձագանքում ադրբեջանական ագրեսիային»

13-01-2022 13:22

Կառավարության շենքի մոտ այսօր բողոքի ակցիա են անում քաղհասարակության ներկայացուցիչները՝ բարձրացնելով անվտանգության հարցերը: Իրավապաշտպան Նինա Կարապետյանցն ասաց, որ ռուս խաղաղապահները չեն զսպում ադրբեջանական ագրեսիան, Ռուսաստանն ու ՀԱՊԿ-ը չեն արձագանքում ադրբեջանական ագրեսիային: Հայաստանը պետք է դուրս գա այս համակարգերից, հակառակ դեպքում անընդհատ կորուստներ ենք ունենում: «Մեկ տարուց ավելի է՝ մենք հասկանում ենք, որ անվտանգության այն մեխանիզմները, որոնք մեզ առաջարկվում են, չեն աշխատում: Եվ դրանք չեն աշխատում պարբերաբար, հետևողական և մեզ նոր զոհեր ու կորուստներ են տալիս: Այսպես չի կարող շարունակվել, պետք է մտածել նոր տարբերակներ, նոր առաջարկներ անել, նոր գործընթացներ սկսել: Մենք չենք կարող անընդհատ զոհ տալ: Մի քանի հազար զոհ ենք ունեցել պատերազմի ընթացքում, և հիմա փաստացի իբր խաղաղ պայմաններում մենք ունենում ենք նոր զոհեր: Սրա լուծումը, օրինակ, կարող է լինել այլ խաղաղապահ ուժերի ներգրավումը տարածաշրջանում, մոնիտորինգային խմբերի ներգրավումը: Բայց այն, ինչ մեզ առաջրկվում է, դա չի աշխատում: Այն համակարգերը, որտեղ մենք ներգրավված ենք, կամ այն միջոցները, նույն ռուսական խաղաղապահների առկայությունը խնդիրը չի լուծում: Մենք չենք ստանում ոչ ՀԱՊԿ արձագանքը, ոչ ռուսական արձագանքը: Այսպիսի արհամարհական վերաբերմունք, երբ կա խնդիր ու չկա որևէ արձագանք, այսպիսի վերաբերմունքը չի կարող շարունակվել: Ակնհայտ է, որ մենք ունենք շահերի բախում մեր ռազմավարական գործընկեր պետության հետ: Այս պայմաններում մենք պետք է փորձենք ի նպաստ Հայաստանի գործել, այս պահին թիվ մեկ խնդիրը ՀՀ անվտանգությունն է և ՀՀ քաղաքացու կյանքի գինն է, որը մենք անընդհատ վճարում ենք: Գուցե եվրոպական երկրների խաղաղապահ զորքեր լինեն, համատեղ մնոիտորինգային գործիքակազմի ներդրում, այլ մեխանիզմներ, բայց այն, որ այս համակարգը չի աշխատում, դա արդեն փաստված է տարի ու ավելի ժամանակաշրջանում»,- ասաց նա: Ըստ իրավապաշտպանի՝ Հայաստանին անընդհատ ձեռք է մեկնվում քաղաքակիրթ աշխարհից, նույն ժողովրդավարության գագաթնաժողովին հրավիրելը դա ձեռք մեկնել էր, պատերազմի օրերին միջազգային խաղաղապահներ ուղարկելու առաջարկը ևս ձեռք մեկնել էր: «Հանրությունն իրականում չգիտի, թե ինչ առաջարկներ է ստանում իշխանությունը, որովհետև դա մեծ մասամբ փակ ֆորմատ է: Մենք չգիտենք, թե ինչ է առաջարկվում, հետևաբար չենք կարող ասել, թե ինչից են հրաժարվում: Բայց այն, որ պետք է լինի փոփոխություն, դա ակնհայտ է: Ես հույս ունեմ մեր հասարակության հետ կապված, մարդիկ պետք է արթնանան, եթե այսօր Վարդենիս են մտել, վաղը Երևան են մտնելու, չի կարելի մտածել նեղ անձնական շահերով կամ կուասկցական նպատակահարմարությամբ: Այսօր մենք այնպիսի իրավիճակում ենք գտնվում, որ Հայաստանն իրապես վտանգված է, մենք այլևս մասնակի կորսված սուվերենություն ունենք: Եվ այս պայմաններում իրավիճակը շտկելու միակ ճանապարհը հասարակության արթնանալն ու պահանջատեր լինելն է», հավելեց Նինա Կարապետյանցը:

Lragir.am,
13-01-2022 13:22