Գլխավոր դատախազությունը բացառում է Հայաստանում քաղաքական ազդեցությամբ կալանավորման առկայությունը. Ամիրյան

13-01-2022 14:06

ՀՀ գլխավոր դատախազությունը բացառում է   քաղաքական ազդեցությամբ կալանավորման առկայությունը, թե որևէ վերադաս դատախազի կողմից կարող է ոչ իրավաչափ ցուցում, հրահանգ տրված լինել: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին վստահեցրեց ՀՀ գլխավոր դատախազության կազմակերպական-վերահսկողական և իրավական ապահովման վարչության պետի տեղակալ Կարեն Ամիրյանը ԱԺ-ում Մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի հանձնաժողովի նախագահ Թագուհի Թովմասյանի նախաձեռնությամբ կազմակերպված քննարկմանը: Մարդու իրավունքների պաշտպանության հանձնաժողովի նախագահ Թագուհի Թովմասյանի կարծիքով՝ կալանքը ընկալվում է որպես պատժամիջոց, ոչ թե խափանման միջոց: «Այսինքն` կալանքին տրվում են պատժի տարրեր: Դա և իրավական, և բոլոր իմաստներով, միջազգային կոնվենցիաներով չի կարող ընդունելի լինել: Ես հրավիրել եմ այս քննարկումը, որպեսզի մասնագիտական դաշտում հասկանանք, թե որտեղ է խնդիրը, ինչ կարող ենք անել»,- ասաց պատգամավորը: «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արամ Վարդևանյանն էլ նշեց, որ 2021-ի հոկտեմբեր-նոյեմբերին փորձել է տեղեկություն ստանալ՝ խափանման միջոց կալանավորման մասով, և պատկերը ծայր աստիճան  անհանգստացրել է իրեն: «Խոսքը դատարանների ներկայացված կալանավորման միջնորդությունների 80 տոկոսից ավելին բավարարելու պատկերի մասին է: Սա չի կարող նորմալ լինել՝ այն տրամաբանությամբ, որ հազարավոր դեպքերում միայն կալանավորո՞ւմն է, որ բավարարում է 135-րդ հոդվածի հիմքերի պահանջներին»,- ասաց պատգամավորը: Միջազգային իրավունքի մասնագետ, իրավաբան Արա Ղազարյանն էլ պնդեց, թե կալանավորումների թիվը նվազում է: «Դա վիճակագրությունն է ցույց տալիս: 14,5 տոկոս գլխավոր դատախազի հայտարարած թիվն է՝ հարուցված քրեական գորերի համեմատ: Գնալով նվազում է, իմ սեփական պրակտիկայից էլ կարող եմ ասել: Սակայն պետք է հասկանալ՝ ի՞նչն է պատճառը, որ որոշ գործերով, երբ ակնհայտորեն տեսնում ենք, որ կալանքը սպառել է իր նպատակները, անձը պահվում է կալանքի տակ»,- ասաց նա՝ այսպիսով, առաջարկելով կենտրոնանալ ոչ թե թվի, այլ բովանդակության վրա: ՀՀ գլխավոր դատախազության կազմակերպական-վերահսկողական և իրավական ապահովման վարչության պետի տեղակալ Կարեն Ամիրյանը ևս առաջարկեց կենտրոնանալ բովանդակության վրա՝ սակայն նաև տեղեկացնելով, որ հատկապես 10-15 տարվա կտրվածքով բազմապատիկ անգամ տեղաշարժ կա, վերջին 1-2 տարվա կտրվածքով էլ նվազման միտումը հստակ է: Ամիրյանը տեղեկացրեց, որ դատախազությունը դեռ 2018-ի հունիսին մշակել և Արդարադատության նախարարություն է ուղարկել օրենսդրական փաթեթ: «Դատախազությունն առաջարկեց, որ ոչ մեծ և միջին ծանրության հանցագործությունների դեպքերում, այսինքն՝ մինչև 5 տարի ժամկետով ազատազրկում նախատեսող բոլոր դեպքերում, օրենսդրական փոփոխություն պետք է նախատեսվի և հստակ գրվի, որ կանխատեսողական մոտեցումից հրաժարվելու ժամանակն է: Մենք պետք է գնանք այն ճանապարհով, որ այս դեպքերում կոնկրետ վարույթ, միջնորդություն ներկայացնող մարմինը փաստական տվյալներ ներկայացնի դատարան, որի արդյունքում պետք է որոշվի, թե այդ մարդը ենթակա՞ է կալանավորման, թե ոչ»,-ասաց Ամիրյանը: Նախարարություն ուղարկված օրենսդրական նախաձեռնությամբ այլ փոփոխություններ ևս դատախազությունն առաջարկել է, սակայն, ըստ Ամիրյանի, այդ օրենսդրական փոփոխությանը դեռ վերջնական ընթացք չի տրվել: Ըստ նրա՝ եթե այդ նախագիծը ընդունվեր, նման քննարկում կրկին կլիներ, բայց գուցե շեշտադրումները լինեին ավելի մեղմ, քան հիմա են: Թագուհի Թովմասյանը հարցրեց, թե արդյոք դատախազությունը բացառո՞ւմ է կալանքների դեպքում քաղաքական ազդեցությունը, արդյոք չկա՞ն քաղաքական ազդեցության արդյունքում կալանավորված քաղաքացիներ: «Դատախազությունը բացառում է քաղաքական ազդեցությամբ կալանավորման առկայությունը, որ որևէ դատախազի պայմանականորեն իր վերադաս դատախազի, այդ թվում գլխավոր դատախազի կողմից կարող է ոչ օրինաչափ, ոչ իրավաչափ ցուցում, հրահանգ տրվի, որ կոնկրետ դեպքում անհրաժեշտ է ցուցում տալ քննիչին: Այս պայմաններում այդ իրավիճակում բացառում եմ: Հետևաբար, վստահաբար կարող եմ ասել, որ դա կոնկրետ հսկողություն իրականացնող դատախազի կամ իր վերադաս դատախազի տեսակետն է, ներքին համոզումն է: Այլ է հարցը՝ այդ ներքին համոզը կլինի իրավաչա՞փ, թե՞ ոչ, որը արդեն կգնահատի դատարանը»,- ասաց Ամիրյանը:

Lragir.am,
13-01-2022 14:06