Ազա՞տ, թե՞ անազատ Համացանց

13-01-2022 21:26

Ինչպես հաղորդում է ԴոյչեՎելլե-ն, Գերմանիայի Ներքին գործերի նախարար Նենսի Ֆեզերը սպառնացել է արգելափակել հանրահայտ Տելեգրամ ուղերձիչը: Հայտնի է, որ Տելեգրամի հիմնադիր Պավել Դուրովը ազատական տեսակետների կրող է եւ հրաժարվում է համագործակցել տարբեր երկրների հատուկ ծառայությունների հետ: Արդյունքում Տելեգրամը սկսում է ավելի ու ավելի մեծ հեղինակություն վայելել, Գուգլի, Ֆեյսբուքի եւ նման այլ ընկերությունների կողքին, եւ Տելեգրամ են անցնում բոլոր նրանք, ում համար կարեւոր է գաղտնիությունը: Բնականաբար, դրանից օգտվում են նաեւ տարբեր տեսակի հանցավոր տարրերը, այդ թվում եւ՝ ահաբեկիչները: Ինքը, Դուրովը, այն հարցին, թե արդյո՞ք նրան չի մտահոգում այդ հանգամանքը, պատասխանել է, որ իր համար մարդու ազատ արտահայտվելու իրավունքը ավելի մեծ արժեք են ներկայացնում: Կարելի էր եւ այլ կերպ պատասխանել․ որ, եթե, օրինակ, խոհանոցային դանակները օգտագործվում են հանցագործների կողմից, արդյո՞ք դա նշանակում է, որ պետք է դադարեցնել այդ դանակների արտադրությունը, կամ էլ դրանք բոլորը հաշվառման դնել: Ինչեւէ․ Տելեգրամը բոլոր պետությունների կառավարությունների կոկորդի փուշն է, բոլորը ձգտում են ամեն գնով արգելափակել այն: Բայց հատկապես զավեշտական է դա լսել Գերմանական կառավարությունից: Նախարարը գիտակցում է, որ Տելեգրամի արգելափակումը տեխնիկապես դժվար է եւ առհասարակ՝ անօրինական է, եւ որ դա կնմանեցնի Գերմանիան «ավտորիտար» պետություններին (կարծես թե գոյություն ունեն այլ տեսակի պետություններ): Բայց առավել զավեշտական է, որ նախարարը չի էլ նկատում, որ հենց իր պետության դեպքում այդ ամոթխած «ավտորիտար» եզրույթը բոլորովին այլ բան է հիշեցնում, այն է՝ ֆաշիզմը: Եւ արդեն ոչ թե զավեշտական այլ մտահոգիչ է այն, որ նախարարը միեւնույն շարքում է դիտում ծայրահեղական ահաբեկիչներին եւ պարտադիր պատվաստման հակառակորդներին, որոնց պայքարը մարդու իրավունքների հարգման շրջանակներում է գտնվում: Զավեշտական է նաեւ, որ նախարարը դժգոհում է, որ Տելեգրամը գործածում են նաեւ «դավադրության տեսության կողմնակիցները»: Ես իմ հոդվածներից մեկում նկատել էի, որ «դավադրության տեսություն» եզրույթով պիտակավորվում են քաղաքական գործընթացների էությունը բացահայտող դատողությունները: Բայց չէ՞ որ կառավարական շրջանակներում ընդունված է համարել, որ «դավադրության տեսության կողմնակիցները», կամ պարզապես «դավադրամոլերը» պարզապես շեղված մարդիկ են, չունեն լսարան, եւ նրանց ոչ ոք լուրջ չի ընդունում: Եւ հանկարծ, պարզվում է, որ նրանք լուրջ վտանգ են ներկայացնում իշխանավորների համար: Այնքան լուրջ, որ հայտնվում են բացահայտ հանցագործների, ահաբեկիչների հետ մեկ շարքում: Ես միշտ համարել եմ, որ աշխարհը վերահսկող ուժերը այնքան ժամանակ են հանդուրժելու ազատ Համացանցը, քանի դեռ դրանից բխող վնասը, ի դեմս դրա միջոցով մարդկանց ազատ լրատվություն ստանալու եւ կազմակերպվելու հնարավորության, չի գերազանցի այն օգուտը, որը նրանք ստանում են քաղաքացիների ուղեղների լվացման եւ վերահսկում ապահովելու արդյունքում: Այն որ, Համացանցի ազատ հատվածները արգելափակելու մասին սկսել են մտածել ոչ միայն Ռուսաստանը, Չինաստանն ու Իրանը, այլեւ «ազատ» եւ «իրավական» պետությունները, խոսում է այն մասին, որ այն իրոք կարող է փակվել, ինչը կազդարարի չար եւ բարի ուժերի հավասարակշիռ վիճակի հասնելը: Ռուբեն Թարումյան 13.01.2022

Lragir.am,
13-01-2022 21:26