Հայաստանում վարակի շեշտակի աճ է սպասվում

Հայաստանում կորոնավիրուսի համավարակի նոր ալիք է սպասվում, և հիվանդացության ավելի բարձր ցուցանիշ կարող է արձանագրվել: Lragir.am-ի հետ զրույցում նման դիտարկում արեց վարակաբան Արմեն Օհանյանը: Առողջապահության նախարարությունը հայտնել էր, որ Հայաստանում արձանագրվել են կորոնավիրուսի «օմիկրոն» շտամով վարակվածության դեպքեր: Ըստ նախարարության մասնագետների՝ վարակի վերարտադրողականության ցուցանիշն արդեն 2․3 է կազմում, ինչն աննախադեպ բարձր ցուցանիշ է համարվում: Եվ եթե Հայաստանը գտնվում էր Եվրամիության չափանիշներով սահմանված կանաչ գոտում, ապա վերջին օրերին հայտնվել է նարնջագույն գոտում: Արմեն Օհանյանի խոսքով՝ ամենայն հավանականությամբ առաջիկայում Հայաստանում հիվանդացության շեշտակի ավելացում է լինելու: «Համավարակը շարունակվում է այնպես, ինչպես եվրոպական երկրներում: Յուրաքանչյուր բռնկում, եթե դիտարկենք, հիվանդացությունն ըստ օրինաչափության գնում է: Դեռ նոյեմբեր ամսին պարզ էր, որ մենք հունվարի երկրորդ կեսին, փետրվարին ունենալու ենք բավական մեծ բարձրացում, հնարավոր է անգամ գերազանցենք այն թվերը, որոնք նախկինում ենք ունեցել»,- ասաց մասնագետը: Ըստ նրա՝ Հայաստանում «օմիկրոնով» վարակվածության շատ դեպքեր չկան, փորձ կուտակված չէ, բայց միջազգային փորձը ցույց է տալիս, որ տոկոսային առումով այս տեսակն ավելի քիչ է առաջացնելու հիվանդանոցային բուժօգնության կարիք, հետևաբար, նաև ծանր դեպքերն ու մահվան ելքերն են քիչ լինելու: «Բայց դա տոկոսային առումով, այսինքն՝ եթե մենք օրական ոչ թե ունենանք 1000 դեպք, այլ 3000 դեպք, միևնույն է, մեր առողջապահական համակարգը նույնկերպ կծանրաբեռնվի, ինչպես 1000 դեպքի ժամանակ «դելտա» տարբերակի դեպքում: Հետևաբար, շատ կարևոր է, որ ամբուլատոր համակարգը պատրաստ լինի սրան: Այս դեպքում ավելի շատ ծանրաբեռնվելու է հենց ամբուլատոր հոսքը, որովհետև հիվանդների ավելի քիչ մասն է վատանալու և հասնելու հիվանդանոց: Այսինքն՝ պետք է լինելու, որ ամբուլատորիայի բժիշկը մինչև վերջ վարի: Մենք երկու տարի է՝ այս հիվանդության մեջ ենք, բայց շատ ընտանեկան բժիշկներ, տեղամասային թերապևտներ դեռ լիարժեք պատկերացում չունեն, թե իրենց քայլերի հաջորդականությունը ոնց է լինելու»,- ասաց նա: Ըստ միջազգային փորձի՝ «օմիկրոն» տեսակի դեպքում պատվաստանյութերն այնքան էլ արդյունավետ չեն: Արմեն Օհանյանի կարծիքով՝ հենց պատվաստումների շնորհիվ է, որ այս տարբերակն ավելի մեղմ է ընթանում մարդկանց մոտ: «Երբ մենք ասում ենք՝ այս տարբերակն ավելի մեղմ է, ես չգիտեմ, թե ինչու իրենք դրա վրա շետտադրում չեն անում, չեն ասում, որ թեթևության հարցում մեծ դեր է խաղում հենց այն, որ մեծ տոկոսով պատվաստված անձինք կան: Այսինքն՝ եվրոպական երկրներում 70 տոկոս և ավելի պատվաստվածների ծածկույթ կա: Եվ դա հենց հիմնական պատճառներից մեկն է, որ մենք օմիկրոնի դեպքում ունենք թեթև ընթացք, ծանր դեպքերը կանխում ենք: Իրենք արեցին դա, թե մենք ինչքանով կանենք․․․ Ես բազմիցս ասել եմ, որ մենք դեկտեմբերից մինչև հիմա, երբ հանգիստ էր վիճակը, պետք էր շատ ինտենսիվ պատվաստման քաղաքականություն տանեինք: Երբ մենք հոկտեմբեր-նոյեմբերին ինտենսիվ պատվաստում էինք մարդկանց, այդ պիկի ժամանակ չունեցանք էֆեկտ, բայց դրանով մենք բերեցինք նրան, որ  մարդիկ հերթերի մեջ վարակվում էին»,- ասաց նա: Վարակաբանի խոսքով՝ պատվաստումները հիմա պետք է շարունակել՝ բայց մաքսիմալ պայամաններ ստեղծելով, որ մարդկանց կուտակումներ չլինեն ու հերթերի պատճառով վարակն էլ ավելի չտարածվի:

ՌՈԶԱ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ, Լրագրող
13-01-2022 22:57