«Ռուսաստանը ոչ մեկի համար ծնող չի եղել, այլ բռնարար, և եթե նորից գլուխ բարձրացնի, «նրա աճուկները կջարդեն»

Վիեննայում տեղի կունենա ԵԱՀԿ Մշտական ​​խորհրդի նիստը: Ռուսաստան-ԱՄՆ և Ռուսաստան-ՆԱՏՕ հանդիպումներից հետո, որոնց ժամանակ մերժվեց Ռուսաստանի վերջնագիրը, ԵԱՀԿ Խորհրդի նիստն առանձնահատուկ նշանակություն է ստանում: «ԵԱՀԿ-ում Լեհաստանի նախագահության հիմնական նպատակը կլինեն տարածաշրջանային և սառեցված հակամարտությունների լուծմանն ուղղված գործողությունները՝ ԵԱՀԿ կառույցներին աջակցելու միջոցով», ասել է ԵԱՀԿ գործող նախագահ և Լեհաստանի արտգործնախարար Զբիգնև Ռաուն: Նա նշել է, որ անդամ երկրների միջեւ երկխոսությունը պետք է հիմնված լինի միջազգային իրավունքի սկզբունքների եւ ԵԱՀԿ գործիքների ու մեխանիզմների կիրառման վրա: Արևմտյան այլ քաղաքական գործիչներ նույնպես վկայակոչում են պետությունների ինքնիշխանության վրա հիմնված միջազգային իրավունքը: ԱՄՆ պետքարտուղարի տեղակալ Վենդի Շերմանը բանակցություններից հետո ասել է, որ «բոլոր երկրները պետք է հնարավորություն ունենան ընտրելու իրենց արտաքին քաղաքական կողմնորոշումը, որ ինքնիշխանությունն ու տարածքային ամբողջականությունը պետք է հարգվեն, և որ բոլոր երկրները կարող են և պետք է ազատ լինեն դաշինքների ընտրության հարցում»: Մոսկվան բացահայտորեն վիճարկում է հետխորհրդային երկրների այս իրավունքը: Վերջին մի քանի օրվա ընթացքում Մոսկվայից մի շարք հայտարարություններ են հնչել, որոնք ոտնահարում են այդ երկրների ինքնիշխանությունը: ՌԴ ԱԳ նախարար Լավրովն այդ երկրներն անվանել է «անտեր» կամ «որբացած», Կրեմլի գլխավոր քարոզիչ Մարգարիտա Սիմոնյանը հայտարարել է Ղազախստանի «ծիծաղելի անկախության» մասին, Պետդումայի պատգամավորներն էլ ավելի կոշտ են արտահայտվել: Մնում է միայն, որ Մոսկվան հետ վերցնի ՄԱԿ-ում հետխորհրդային երկրների ինքնիշխանության ճանաչման վերաբերյալ իր ստորագրությունը և նրանց անվանի իր նոր գաղութներ, որոնք իրավունք չունեն ինքնուրույն արտաքին քաղաքականություն վարել: Արեւմուտքը, հայտարարելով ինքնիշխանության մասին, Հայաստանին հնարավորություն է տալիս վերադառնալ ինքնիշխան քաղաքականության: Սակայն ոչ Հայաստանում, ոչ էլ հետխորհրդային այլ երկրներում հոդաբաշխ հայտարարություններ չեն հնչել: Լավրովին բոլորի փոխարեն պատասխանել է Լեհաստանի նախկին արտգործնախարար Սիկորսկին, ով ասել է, որ Ռուսաստանը ոչ մեկի համար «ծնող» չի եղել, այլ բռնարար, և եթե նորից գլուխ բարձրացնի, «նրա աճուկները կջարդեն»: ԵԱՀԿ-ն կարող է դառնալ հետխորհրդային երկրների համար ինքնիշխան արտաքին քաղաքականություն երաշխավորող հարթակ: Պատահական չէ, որ երեկ Ալիևը հարձակվեց ԵԱՀԿ-ի վրա և ասաց, որ թույլ չի տա Մինսկի խմբի առաքելությունը:

ՆԱԻՐԱ ՀԱՅՐՈՒՄՅԱՆ, Մեկնաբան
14-01-2022 10:30