«Ռուս խաղաղապահների առաքելության վրա ստվեր գցելու փորձ»․ Ով է շրջանառության մեջ դրել այս հիմար թեզը

14-01-2022 16:42

Բաքվի հանցախմբի հերթական սադրանքներին ՀՀ եւ Արցախի պաշտոնական եւ կիսապաշտոնական, ինչպես նաեւ ռուսամորմոք շրջանակները հերթական անգամ արձագանքեցին «ռուսական խաղաղապահ առաքելության վրա ստվեր գցելու, այն կասկածի տակ դնելու» տեսանկյունից: Երբեմն տպավորություն է, որ այս շրջանակներին ռուս խաղաղապահների հեղինակությունն ավելի շատ է անհանգստացնում, քան հայ բնակչության, հայ զինվորների կյանքը: Հայաստանի դեմ հոգեբանական պատերազմի տրամաբանության մեջ լիովին տեղավորվող թեզ, որն անմիջական շարունակությունն է «Արցախում տեղի ունեցավ թուրք-ադրբեջանական ագրեսիա, ռուսները միջամտեցին եւ փրկեցին» վարկածի: Ոչինչ, որ ՌԴ առաջին դեմքերը՝ Պուտինը, Շոյգուն, Լավրովը, ինչպես նաեւ պաշտոնական այլ շրջանակներ խոստովանել են Հայաստանի դեմ թուրքերի հետ միասին պատերազմի եւ «հետպատերամյա կարգավորման» նախապատրաստումն ու իրագործումը: «Կարիբյան ճգնաժամեր» հրահրելու եւ դրանք «կարգավորելու» հնարքը Մոսկվայի քաղաքական ավանդույթն է: Ուկրաինայի, Ղազախստանի օրինակները մեր աչքի առջեւ են: Արցախի պարագային ռուսական զորքը կարող էր մուտք գործել միայն պատերազմի դեպքում՝ հայերի երաշխավորված պարտության պայմանով, ինչն էլ իրագործվեց Մոսկվա-Անկարա համաձայնություններով: Հենց այս կտրվածքով էլ պետք է դիտարկել ռուսական զորքի ներկայությունը եւ խնդիրներն Արցախում: Ռուսական զորքի ներկայությունը երաշխիք է Բաքվին հայկական հնարավոր ռեւանշը բացառելու, ինչպես նաեւ Արցախի խնդրի քաղաքական կարգավորումը միջազգային լեգիտիմ կառույցներում թույլ չտալու հարցում: Այս մասին նույնպես բազմիցս հայտարարել են ՌԴ առաջին դեմքերը: Մնացածը հեքիաթներ են՝ հյուսված Կրեմլի կոյուղատարներում՝ սեփական պատասխանատվությունը եւ ռուս-թուրքական ոճիրը քողարկելու համար: «Ռուսական խաղաղապահ առաքելության վրա ստվեր գցելու, այն կասկածի տակ դնելու» թեզը հենց այն է, ինչ պետք է Բաքվին ու Մոսկվային․ առաջինն անում է իր գործը, երկրորդն ազատվում է պատասխանատվությունից: Թեեւ, ՌԴ-ն որպես Մինսկի խմբի անդամ եւ որպես եռակողմ հայտարարության հեղինակ ու երաշխավոր՝ ուղիղ պատասխանատվություն է կրում ամեն մի միջադեպի համար: 2020-ի նոյեմբերի 9-ից հետո տեղի ունեցած սադրանքները որեւէ հետեւանք ունեցե՞լ են Բաքվի համար, պատասխանատվության առումով: Ռուս խաղաղապահների հեղինակության մասին պետք է մտածի Մոսկվան, ոչ թե հայերը: Պահանջներ չդնելով Մոսկվայի առջեւ եւ շարունակելով դարդոտել խաղաղապահների հեղինակությունից՝ ճանապարհ է բացվում Բաքվի նոր սադրանքների ու հայկական նոր կորուստների համար:

Lragir.am,
14-01-2022 16:42