Թուրքիայի ԱԳՆ-ն՝ Հայատանի հետ բանակցությունների մասին

14-01-2022 17:37

ԱԳՆ-ն նույնպես հաղորդագրություն է տարածել Հայաստան-Թուրքիա կարգավորման գործընթացի հատուկ ներկայացուցիչներ ՀՀ ԱԺ նախագահի տեղակալ Ռուբեն Ռուբինյանի և դեսպան Սերդար Քըլըչի հանդիպման վերաբերյալ: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, հաղորդագրությունը հրապարակվել է Թուրքիայի ԱԳՆ կայքում: Թուրքիայի ԱԳՆ հայտարարության մեջ Հայաստան-Թուրքիա կարգավորման գործընթացի հատուկ ներկայացուցիչների առաջին հանդիպումը ևս որակվել է դրական և կառուցողական: «Իրենց առաջին հանդիպման ընթացքում, որն անցավ դրական և կառուցողական մթնոլորտում, հատուկ ներկայացուցիչները նախնական մտքեր են փոխանակել Թուրքիայի և Հայաստանի միջև երկխոսության միջոցով իրականացվելիք կարգավորման գործընթացի վերաբերյալ:  Կողմերը համաձայնել են շարունակել լիարժեք կարգավորման նպատակով բանակցությունները՝ առանց նախապայմանների»,-ասվում է Թուրքիայի ԱԳՆ հայտարարության մեջ: Թուրքիայի ԱԳՆ-ն նշել է, որ կողմերի միջև երկրորդ հանդիպման վայրն ու ժամկետը կորոշվի ավելի ուշ: «Հատուկ ներկայացուցիչների երկրորդ հանդիպման վայրն ու ժամկետը կորոշվի ավելի ուշ՝ դիվանագիտական խողովակներով»,-ասված է հաղորդագրության մեջ: Հատուկ ներկայացուցիչների հանդիպման վերաբերյալ նույնաբովանդակ հայտարարություն ավելի վաղ տարածել էր Հայաստանի արտաքին գործերի նախարարությունը:

Lragir.am,
14-01-2022 17:37