Պարզ է Անկարայի առաջադրանքը․ Այդ դեպքում սահմանի բացումը կբխի Թուրքիայի շահերից

14-01-2022 18:12

Մեր զրուցակիցն է քաղաքական վերլուծաբան, Բեյրութում լույս տեսնող «Ազդակ» թերթի գլխավոր խմբագիր Շահան Գանդահարյանը Պարոն Գանդահարյան, Մոսկվայում տեղի է ունեցել ՀՀ և Թուրքիա հարաբերությունների կարգավորմանն ուղղված երկխոսության նպատակով նշանակված հատուկ ներկայացուցիչների հանդիպումը: ՀՀ ԱԳՆ-ն հայտարարում է, որ Թուրքիան կիսում է Հայաստանի հետ առանց նախապայմանի երկխոսություն սկսելու մոտեցումը: Երևան-Անկարա երկխոսության գործընթացի նախաշեմին Անկարան փորձում է փոխել խաղի կանոնները: Դասական նախապայմանները՝ ցեղասպանության ճանաչման պահանջից հրաժարումը կամ ցեղասպանության ճանաչման օրակարգը արտաքին քաղաքականությունից դուրս բերումը, երկկողմ պայմանավորվածությամբ ընդհանուր սահմանի կամ տարածքային ամբողջականությունների փոխճանաչումը մղվել են երկրորդ պլան: Իսկ արցախյան տարածքներից հայկական ուժերի հեռացման նախապայմանը վերափոխվել է․ և այստեղ է, կարծում եմ, խնդրի ամբողջ մեխը: Անկարան պաշտոնապես ասում է, որ ամեն ինչ համաձայնեցնելու է Բաքվի հետ: Նկատի ունենանք, որ ինչպես Բաքուն, այնպես նաև Անկարան մի քանի անգամ պաշտոնապես հայտարարել են, որ Արցախի խնդիրն անցյալին է պատկանում, և դա թուրքական տեսանկյունից ուղենշային իմաստ է ստացել: Հիմա ինչ է ստացվում․ ստացվում է այն, որ Երևան-Անկարա երկխոսությունն ու հայ-ադրբեջանական հակամարտության լուծումը փոխկապակցվում են, ինչը Անկարայի վաղեմի մոտեցումն է: Պատահական չէ, որ գործընթացները գնում են զուգահեռ՝ Հայաստան-Ադրբեջան սահմանազատման, սահմանագծման և հայ-թուրքական երկխոսության: Պարզ է Անկարայի առաջադրանքը: Թուրքիան կբացի սահմանը, երբ կլինի Ադրբեջանի հետ սահմանազատումն ու սահմանագծումը: Այդ դեպքում սահմանի բացումը կբխի Թուրքիայի շահերից: Դեպի Ադրբեջան և Կենտրոնական Ասիա Հայաստանի վրայով Թուրքիան ինքը կապաշրջափակվի: Հրատապ օրակարգը այս տրամաբանությամբ՝ Անկարայի համար կամրջումն է դեպի Ադրբեջան․ դրա համար դասական նախապայմանները մղվել են երկրորդական պլան: Իսկ դա ամենևին չի նշանակում, որ դրանք վերադառնալու են: Այսինքն՝ որևէ դրական ակնկալիք հայկական կողմը չի՞ կարող ունենալ այս հանդիպումից: Հայկական կողմը, կարծում եմ, նկատի է առել հետևյալ կետերը․ առաջին՝ Թուրքիայի բանագնացի կենսագրականը, հատկապես հայկական գործոնի ուղղությամբ իր ձեռնարկած գործողություններն աշխարհագրական տարբեր միջավայրերում: Երկրորդ՝ հայ-թուրքական երկխոսության նախկին արարներին Անկարայի պաշտոնական մոտեցումների հոլովույթը և ձախողեցման մարտավարությունները: Երրորդ՝ աշխարհաքաղաքական ներկա համապատկերը և գերտերությունների առնչվածության տարողությունները: Չորրորդ՝ Անկարա-Բաքու համաձայնեցվածությունն ու հայ-թուրքական երկխոսությունն ու Արցախյան հակամարտության հանգուցալուծման գործընթացը փոխկապակցելու ռազմավարությունը:

Lragir.am,
14-01-2022 18:12