Սահմանի ամրաշինական հարցերը չենք լուծել, բայց ունենք զրահապատ մեքենաներ՝ ղեկավարությանը սպասարկող

Lragir.am-ի զրուցակիցն է Ազգային ժողովի նախկին պատգամավոր Սոֆյա Հովսեփյանը Տիկին Հովսեփյան, դուք բարձրացրել եք այն հարցը, որ Հայաստանի անվտանգային խնդիրները չեն լուծվում, բայց իշխանությունները որոշեցին ՀԱՊԿ շրջանակներում զորք ուղարկել Ղազախստան: Անվտանգային խնդիրների լուծման ուղղությամբ ի՞նչ քաղաքականություն պետք է վարի պետությունը: Հայաստանի ղեկավարության քաղաքականությունը պետք է լինի բացարձակ պրոֆեսիոնալ կադրերով զինվելն ու Հայաստանի շահով առաջնորդվելը, ինչը մենք չենք տեսնում ոչ մի ոլորտում՝ կլինի դիվանագիտական, անվտանգության, թե այլ ոլորտում: Իրենք շարունակում են իրենց հակահայկական քաղաքականությունն առաջ տանել: Ցավոք, տարիների փորձը ցույց է տալիս, որ մենք ավելի կարևորում ենք անձանց, թե ով ում բարեկամն է, ոչ թե պրոֆեսիոնալներին: Եվ դրա հետևանքով ունենում ենք այս իրավիճակը: Բնական է, որ այսօր մեր գերիների և ՀՀ տարածք ներխուժումների հարցերը միջազգային մակարդակով պետք է բարձրաձայնվեին, և հնարավոր բոլոր լուծումները գտնվեին, բայց նախ առաջին հարցը՝ ովքե՞ր են մեր նորանշանակ դեսպաններն այսօր և ովքե՞ր են դեռ հավակնում այդ պաշտոններին: Այս հարցին ի պատասխան տեսնում ենք, որ իրենք անվտանգային հարցերին որևէ կերպ լուրջ չեն վերաբերվում: Դրա հետևանքով մենք արդեն տալիս ենք մեր պատանիների հերթական կյանքերը, բայց ոչ մի ապահովագրություն չունենք: Մենք այսօր սահմանի ամրաշինական հարցերը չենք լուծել, բայց ունենք զրահապատ մեքենաներ՝ ղեկավարությանը սպասարկող: Ի պատասխան Բաքվի գործողությունների ու Ալիևի հայտարարությունների՝ Նիկոլ Փաշինյանը կառավարության նիստում ասաց, որ հետևողականորեն գնալու են խաղաղության դարաշրջան բացելու ճանապարհով՝ որքան էլ որոշ ուժեր ու անձինք փորձեն հակառակն ապացուցել: Ինչպե՞ս կմեկնաբանեք սա: Ոչ մի ուժ չի էլ փորձում իրեն խանգարել, որովհետև կարծես թե մեր ընդդիմությունը լռել ու նստել է ու թողնում է, որ Նիկոլ Փաշինյանն իր սև գործը մինչև վերջ անի: Այլևս ես չեմ ուզում որևէ ուժի մասին խոսել: Իսկ ինչ վերաբերում է խաղաղության դարաշրջան բացելու մասին հայտարարություններին, բոլորս ենք տեսնում, թե ինչեր է արժենում իր խաղաղության դարաշրջանը: Բայց դա իր կյանքը կարժենա, վերջապես կգա մի պահ, որ այդ զսպանակն ինչքան էլ սեղմես, մի օր թռնելու է, այդ օրը գալու է: Հայաստանի տարածքների նկատմամբ ոտնձգությունների դեպքում ՀԱՊԿ-ը չի արձագանքում, բայց շատ արագ գործեցին Ղազախստան զորք ուղարկելու հարցում: Այս զարգացումներն ի՞նչ ենք ցույց տալիս: Սա տարրական անլրջություն է, որովհետև փաստացի մենք տեսանք, որ մեր խաղաղապահներն ու հատուկ ջոկատայինները գնացին ցույց ցրելու, մինչդեռ մենք ունենք երկրի տարածք ներխուժած ադրբեջանցիների հետ հարց լուծելու խնդիր, որը պետք է հենց այդ նույն ՀԱՊԿ նախագահությունը քննարկման դներ: Նոյեմբերի 16-ին, երբ կարիք առաջացավ ՀԱՊԿ դիմելու, կրկին նույն խնդիրը եղավ, ինչ առաջին անգամ, երբ հորդորեցին գրավոր դիմել և այլն: Սա ցույց տվեց, որ ՀԱՊԿ-ը՝ որպես այդպիսին, Հայաստանի համար չկա: Իսկ քանի որ այլ երկրի համար էր, Նիկոլ Փաշինյանը՝ որպես նախագահող, անմիջապես քայլեր ձեռնարկեց: Սրանք շատ էժան գործողություններ էին: Սա հետագայում մեր պետության հանդեպ լուրջ վերաբերմունքի խնդիր կառաջացնեն: Եվ նա ուզում է, որ այլ պետություններն ավելի լո՞ւրջ վերաբերվեն մեր երկրին, այն դեպքում, երբ ինքն արհամարհված է ՀԱՊԿ անդամ պետությունների կողմից, բայց նախահարձակ է լինում, ձեռնամուխ է լինում աջակցելու այլ երկրի ներքաղաքական խնդիրներին: Ասում են՝ մեծ թուրանը չներթափանցեց Ղազախստան, բայց ինքն իր ձեռքով մեծ թուրանի ծրագիրն իրականացրեց Հայաստանում: Հայաստանի անվտանգության խորհրդի քարտուղարը հույս էր հայտնել, որ նման իրավիճակներում ՀԱՊԿ-ն էլ մեզ կաջակցի: Այո, նման իրավիճակում, իհարկե, ՀԱՊԿ-ը կաջակցի: Իշխանությունները շատ լավ հասկանում են, որ կարող է այնպես լինել, որ իրենց շղթայական թանկացումների ֆոնին մարդիկ դուրս գան փողոց: Իրենք քայլ արեցին և ցույց տվեցին, որ՝ եթե դուք փորձեք, մենք Ղազախստանի նման կդիմենք ՀԱՊԿ երկրներին: Հայաստանն այս անվտանգային համակարգում է, որը փաստացի չի գործում հօգուտ մեր երկրի շահերի ու անվտանգության, ի՞նչ պետք է անել այս դեպքում: Մենք պետք է հստակեցնենք՝ ՀԱՊԿ ֆունկցիան ո՞րն է: Ես չգիտեմ՝ ՀԱՊԿ կոնկրետ ֆունկցիան այս պարագայում որն է, այն, ինչը հրապարակված է և ինչը մենք գիտենք, դա չի տեղավորվում այն տրամաբանության մեջ, ինչն այսօր արվում է: Հիմա գուցե մենք սխալ գիտենք, մեր անվտանգության խորհրդի քարտուղարն ու Նիկոլ Փաշինյանն ավելի լա՞վ գիտեն, թե ՀԱՊԿ ֆունկցիան որն է: Եվ եթե ՀԱՊԿ ֆունկցիան ցույց ցրելն է, ուրեմն մենք չպետք է մնանք այդ կառույցում, որովհետև փորձը ցույց տվեց, որ հայերը լավ էլ ցուցարար են և ցրելուց էլ չեն ցրվում: Անիմաստ է Ղազախստանի կամ այլ երկրի միջամտությունը: Մենք պետք է անդամակցենք մեկ այլ կառույցի, կամ եթե որևէ մեկից աջակցություն չենք ստանում, ապա որևէ կառույցում չլինելն ավելի ճիշտ է:

ՌՈԶԱ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ, Լրագրող
14-01-2022 21:17