Ռուսաստանը հանցագործ է․ 1997-ից Թուրքիայի հետ տանում է արցախյան կոնֆլիկտի կարգավորման այլընտրանքային ձևաչափ, և այդ մասին պայմանագիր ունեն

Lragir.am-ի զրուցակիցն է Ադրբեջանական ԽՍՀ-ից փախստականների համագումարի համակարգող Մարիամ Ավագյանը Տիկին Ավագյան, Արցախի բնակիչները դիմել են Հայաստանի կառավարությանը՝ փախստականի կարգավիճակ ստանալու համար, բայց որևէ պատասխան չեն ստանում: Ի՞նչ քաղաքականություն պետք է վարել արցախցիների կարգավիճակի հարցում: Իշխանությունները պետք է նստեն ու հասկանան՝ առաջինը, Արցախից բռնի տեղահանվածը Հայաստանի քաղաքացի՞ է, թե ոչ: Ինձ ասել են՝ այո, Հայաստանի քաղաքացի է: Եթե Հայաստանի քաղաքացի է, հասկանալի է, ուրեմն ներքին տեղահանված է: Եթե Հայաստանի քաղաքացի չէ, ըստ ՄԱԿ-ի՝ բռնի տեղահանվածն ունի սոցիալ-տնտեսական առումով փախստականի կարգավիճակ: Այսինքն՝ նրանց հասնում է ՄԱԿ-ի կողմից սահմանված սոցիալ-տնտեսական աջակցությունը, ինչպես սովորական փախստականներին: Բայց քաղաքական առումով նա փախստական չէ: Հիմա, արցախցիները դիմում են փախստականի կարգավիճակ ստանալու համար: Ինձ համար միևնույն է՝ նրանց փախստականի կարգավիճակ կտան, թե՞ բռնի ներքին տեղահանվածի կարգավիճակ, որովհետև երկուսն էլ օգնում են մեզ քաղաքական խնդիր լուծել: Իսկ ո՞րն է խնդիրը՝ նրանց վերադարձը: Ես նոյեմբերի 9-ի հայտարարության 7-րդ կետի մասին միշտ խոսել եմ: Մեր վայ քաղաքագետները, երբ խոսում են 7-րդ կետի մասին, խոսում են ադրբեջանցի փախստականների վերադարձի մասին 7 շրջաններ և հադրութցիների վերադարձի մասին Հադրութ, Շուշին հաճախ ուղղակի շրջանցում են: Այսինքն՝ իրենց կարճ ուղեղում դա է պատկերացումը: Երբ մենք 2020 թվականի գարնանը արցախցի բռնի տեղահանվածների հետ համատեղ Ազգային ժողովում հանդիպում ունեցանք ԱԳՆ աշխատակիցների և ԱԺ պատգամավորների հետ, այնտեղ վեճ սկսվեց: Ես պնդում էի, և դրա մասին անընդհատ եմ ասում, որ նոյեմբերի 9-ի հայտարարությունը հրադադարի մասին է: Դուք չեք գտնի որևէ միջազգային կազմակերպություն, որը կասի նոյեմբերի 9-ի հայտարարությունը կոնֆլիկտի կարգավորման միջոց է: Բոլորն ասում են՝ դա հրադադարի միջոց է, և բոլորն ասում են, որ Մինսկի խումբը պետք է վերսկսի իր աշխատանքը: Այսինքն՝ եթե սա հրադադարի մասին է, ուրեմն վերաբերում է 2020 թվականի պատերազմի հետևանքների վերացմանը: Իսկ այդ պատերազմի հետևանքով ձևավորվել են միայն հայ փախստականներ և ներքին տեղահանվածներ: ԵԽԽՎ-ն 2010 թվականին ֆիքսել է, որ Քարվաճառում և Քաշաթաղում առնվազն 14 հազար հայ փախստական կար Ադրբեջանից: Փախստականները հենց նրանք են, ովքեր 2020 թվականի աշնանը նորից փախել են: Իսկ ներքին տեղահանվածները հադրութցիներն են, շուշեցիները, քաշաթաղցիները, քարվաճառցիները, Ջրականից ու Վարանդայից տեղահանվածները: Այստեղ հարց կարող է ծագել, այդ դեպքում ինչո՞ւ Քաշաթաղն ու Քարվաճառն առանց կրակոցի հանձնվեցին, պատասխանը մեկն է`որովհետև միջնորդ պետությունը հանցագործ է: Միջնորդ պետությունը, որը նոյեմբերի 9-ի հայտարարությունը դեմ տվեց, 1997 թվականից Թուրքիայի հետ տանում է արցախյան կոնֆլիկտի կարգավորման այլընտրանքային ձևաչափ, և այդ մասին պայմանագիր ունեն: Այսինքն՝ իրենք 1997 թվականին որոշել են, որ Մինսկի խումբն ինչ ուզում է անի, իրենք իրենցն են անելու: Ես մեր իշխանություններին պաշտպանելու խնդիր չունեմ, բայց նրանք սպառնալիքի տակ իրողություն դարձրին «լավրովյան պլանը»: Այսինքն՝ միջնորդ պետությունը Թուրքիայի հետ արհամարհեցին Մինսկի խմբի ձևաչափը, միջազգային կարևոր այդ կառույցի գոյությունը շրջանցելով՝ «լավրովյան պլանը» իրագործեցին: Հիմա, եթե մենք թույլ տանք, որ 7-րդ կետն իրականացվի այնպես, ինչպես մեր որոշ քաղաքական գործիչներն են պատկերացնում, կամ ինչպես Իլհամն ու Պուտինը մեզ կթելադրեն, դա խայտառակություն կլինի: Նիկոլ Փաշինյանը նախորդ տարեվերջին խոսեց Արցախի տարբեր շրջաններում ապրած ադրբեջանցիների ու նրանց վերադարձի մասին: Այսինքն՝ նման քաղաքականությո՞ւն է տարվում: Ինձ մի բան միշտ զարմացրել է, դա այն է, որ այս կոնֆլիկտի ճշմարտության մասին այս 30 տարիների ընթացքում ընդամենը մեկ մարդ է խոսել` 2020 թվականի հոկտեմբերին, պատերազմի օրերին, Պուտինն ասաց, որ կոնֆլիկտը Սումգայիթում է սկսել: Եթե Նիկոլը կամ Հայաստանի նախկին ղեկավարները երբևէ խոսեին Սումգայիթի մասին, ակամայից պետք է խոսեին այն մասին, որ կա ցեղասպանության ընթացք, որ որպես ցեղասպանության հետևանք՝ հայ փախստական կա: Եվ կոնֆլիկտն այդ դեպքում ուրիշ բովանդակություն է ստանում, այսինքն՝ եթե Արցախի ժողովուրդը 1988 թվականից չպաշտպանվեր, ոչ միայն Արցախի, այլ Հայաստանի ժողովուրդը կցեղասպանվեին: Յոթ շրջանների հարցը տարբեր կերպ կարելի է բարձրացնել, Ադրբեջանից 800 հազարից ավել հայ է փախել, բա նրանք որտե՞ղ պետք է ապրեին, Արցախի այդ 7 շրջաններն էլ նրանց ենք տալիս: Իմ ընկալմամբ՝ սխեման պետք է լինի հետևյալը: Մենք և հայկական քաղաքական դաշտը նոյեմբերի 9-ի հայտարարության 7-րդ կետի մասին պետք է խոսենք, շեշտելով այդ հայտարարության դերի մասին՝ որպես հրադադարի կասեցման փաստաթուղթ: Մենք պետք է կրկնենք միջազգային կառույցների թեզը, որ դա հրադադարի կասեցման համար է: Եթե 7-րդ կետով թույլ տանք, որ ադրբեջանցիները վերադառնան այդ տարածքներ, նշանակում է, որ մենք Մինսկի խումբը չեզոքացնում ենք, կոնֆլիկտի լուծումը ոտնահարում ենք, ասում ենք՝ Իլհամ, լավ ես արել, որ հարձակվել ես, և աշխարհում բոլոր կոնֆլիկտները պետք է այլևս լուծվեն այսպես հարձակվելով: Մեր քաղաքական դաշտը պետք է բարձրացնի այն հարցը, որ նոյեմբերի 9-ի հայտարարության մեջ երկու կետերը՝ Քարվաճառի ու Քաշաթաղի վերաբերյալ, հանցագործություն էին միջնորդ պետության կողմից: Ուժի սպառնալիքի տակ իրագործվեց «լավրովյան պլանը», որը ոտնահարում է Մինսկի խմբի վարկանիշը, ստեղծվեց նախադեպ, որ ցանկացած կոնֆլիկտ ուղղակի պետք է լուծել հարձակումով: Պետք է կասեցնել հանցանքի շարունակականությունը: Ստատուս քվոն պետք է պարտադիր վերականգնվի, հայ փախստականները, որոնք ապրում էին Քարվաճառում, Քաշաթաղում, այլ բնակավայրերում, նրանք պետք է վերադառնան: Ստատուս քվոն վերականգնելուց հետո միայն պետք է խոսել կոնֆլիկտի կարգավորման մասին: Իսկ հանցագործներին պետք է պատժել, պետք է հասկանալ՝ ով է պատերազմի ճարտարապետը, իսկ հստակ երևում է, թե ով է ճարտարապետը: Բացի դա, պետք է պարզել Թուրքիայի ու ահաբեկչական խմբերի հարցը: Իսկ եթե փախստականների վերադարձ, ապա միայն հայ փախստականների ու հայ ներքին տեղահանվածների վերադարձ: Եթե անգամ արցախցիներին ներքին տեղահանվածի կարգավիճակ տան, Երևանում ապրող հադրութցին ներքին տեղահանված լինի, ապա նա կվերադառնա Հադրութ: Այսինքն՝ այս առումով խնդիրը չի աղճատվում, և հայությանը վտանգ չի սպառնում, քանի որ կա հայանպաստ քաղաքական լուծում: Բայց դրա համար անհրաժեշտ է, որ հայկական քաղաքական իշխանությունները դնեն խնդիրը և լուծեն, բայց այս առումով ես որևէ քայլ, գործընթաց չեմ տեսնում, ու սա խիստ անհանգստացնող հանգամանք է: Չէ՞ որ կարող է կրկնվել Ադրբեջանական ԽՍՀ-ից հայ փախստականների հանդեպ հայկական իշխանությունների կողմից տարված պարտվողական քաղաքականությունը:

ՌՈԶԱ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ, Լրագրող
14-01-2022 23:50