Ռուսաստանը սկսե՞ց Ուկրաինայի դեմ գործողությունները

15-01-2022 08:36

Հինգշաբթի հակերային հարձակման են ենթարկվել Ուկրաինայի պետական հաստատությունների ինտերնետային կայքերը, մասնավորապես՝ թիրախում հայտնված հաստատությունների շարքում են Ուկրաինայի արտաքին գործերի նախարարությունը, նախարարների խորհուրդը, ինչպես նաեւ անվտանգության եւ պաշտպանության խորհուրդները: Սպիտակ տան ու Պենտագոնի պաշտոնական ներկայացուցիչները հայտարարել են, որ տեղյակ են Ուկրաինա Ռուսաստանի ներխուժման ժամկետներին, եւ որ Մոսկվան կարող է ներխուժման համար առիթներ ստեղծել: Իր հերթին, ռուսական փորձագիտական շրջանակները նույնպես խոսում են այն մասին, որ ամեն ինչ պատրաստ է Ուկրաինայի դեմ գործողություններ սկսելու համար: Նրանք նույնպես նշում են, որ հնարավոր են Մոսկվայի կողմից որոշակի գործողություններ ներխուժման առիթ ստեղծելու համար: Մասնավորապես, սադրանքներ Ռուսաստանի քաղաքներում, որոնք կբարդվեն Ուկրաինայի հատուկ ծառայությունների վրա: Դա դժվար չէ անել, նկատի առնելով Ուկրաինայի պետական համակարգում եւ հատկապես ուժային կառույցներում ռուսական ագենտուրայի լայն ներկայացվածությունը: Արդյոք Ուկրաինայի պետական հաստատությունների դեմ հակերային հարձակումներն այս գործողությունների սկիզբն են: Փորձագետները նշում են, որ ԱՄՆ-ի ու ՆԱՏՕ-ի կողմից ռուսական պահանջների կտրուկ մերժումից հետո Կրեմլին այլ բան չի մնում, քան Ուկրաինայի դեմ գործողությունները, որոնք կարող են լինել նաեւ հեռահար հարվածների տեսքով: Նշվում է նաեւ ժամկետը՝ մինչեւ մարտ ամիս: Ուկրաինայի դեմ ՌԴ գործողությունները՝ ուկրաինացի զինվորականների պատանդառումներից մինչեւ հիբրիդային ու ռազմական գործողություններ, նման են Հայաստանի դեմ իրագործվող քաղաքականությանը: Մոսկվան Հայաստանի դեմ գործում է ուղիղ եւ միջնորդավորված՝ Բաքվի ու Անկարայի միջոցով՝ աշխատանքի հստակ բաժանմամբ, իսկ Ուկրաինայի դեպքում արանքում թուրք չկա: Ուկրաինայի դեմ ՌԴ ռազմական գործողություններն անմիջական ազդեցություն են ունենալու Հայաստանի վրա:

Lragir.am,
15-01-2022 08:36