CCAF-ը կոչ է արել Ֆրանսիայի իշխանություններին բացատրություն պահանջել Ադրբեջանից

15-01-2022 10:45

Ֆրանսիայի հայկական կազմակերպությունների համակարգող խորհուրդը (CCAF) հունվարի 13-ին հայտարարություն է տարածել Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի՝ Ֆրանսիայի նախագահի հանրապետական թեկնածու, Իլ-դը-Ֆրանս ռեգիոնի նախագահ Վալերի Պեկրեսին ուղղված սպառնալիքների մասին: Ալիևը հայտարարել էր, որ Ադրբեջանը տեղյակ չի եղել Վալերի Պեկրեսի՝ Լեռնային Ղարաբաղ այցելության մասին, սակայն, իմանալու դեպքում ակնհայտ է, որ թույլ չէր տա նրան լքել Լեռնային Ղարաբաղը: «Արմենպրես»-ի փոխանցմամբ, CCAF-ը, մասնավորապես, կոչ է արել Ֆրանսիայի իշխանություններին Ադրբեջանից բացատրություն և ներողություն պահանջել նախագահական ընտրությունների թեկնածուի հասցեին այսպիսի ահաբեկող հայտարարության վերաբերյալ, և, դրանք չստանալու դեպքում, ետ կանչել իր դեսպանին Բաքվից և արտաքսել Ֆրանսիայից Ադրբեջանի դեսպանին: Ֆրանսիայի նախագահի Վալերի Պեկրեսն ինքը մամուլի հետ զրույցում նշել է նախագահական ընտրություններում թեկնածուի հասցեին նման սպառնալիք հնչեցնելու լրջության մասին, նշելով, որ թեկնածուն պետք է լինի ազատ՝ գնալու այնտեղ, որտեղ ցանկանում է: Վալերի Պեկրեսը նշել է, որ այդ սպառնալիքները իրեն չեն վախեցնում, սակայն ցնցված է սպառնալիքների վերաբերյալ ֆրանսիական կառավարության լռությունից: Պեկրեսը նշել է, որ կցանկանար, որպեսզի ֆրանսիական կառավարությունը պաշտոնապես պատասխաներ Ֆրանսիայի նախագահական ընտրությունների թեկնածուի հասցեին օտարերկրյա պետության նախագահի կողմից հնչեցված այսպիսի սպառնալիքին: Ֆրանսիայի նախագահի թեկնածու Վալերի Պեկրեսը Հայաստան և Արցախ է այցելել 2021 թվականի դեկտեմբերի 21-23-ը: Այցի ընթացքում նրան ուղեկցել են Ֆրանսիայի նախկին ԱԳ նախարար և նախկին եվրոպական հանձնակատար Միշել Բարնիեն, ինչպես նաև Ֆրանսիայի Սենատի հանրապետական խմբակցության ղեկավար Բրունո Ռըտայոն:

Lragir.am,
15-01-2022 10:45