Դանիան հրաժարվել է պաշտոնական պատվիրակություն ուղարկել Պեկինի ձմեռային Օլիմպիական խաղերին

15-01-2022 00:07

Դանիան հրաժարվել է Պեկինում կայանալիք ձմեռային Օլիմպիական խաղերին պաշտոնական պատվիրակություն ուղարկել: «Արմենպրես»-ի փոխանցմամբ, այս մասին հայտնել է France Press գործակալությունը՝ հղում անելով թագավորության արտգործնախարար Եփփե Կուֆուդին: «Կառավարությունը որոշել է չմասնակցել Չինաստանում անցկացվելիք ձմեռային Օլիմպիական խաղերին: Ոչ ոքի համար գաղտնիք չէ, որ մենք Դանիայում խիստ մտահոգված ենք ՉԺՀ-ում մարդու իրավունքների հետ կապված իրադրությամբ»,- ասվում է նախարարի հայտարարության մեջ: 2021 թվականի դեկտեմբերի 6-ին Միացյալ Նահանգները հայտարարել էր Պեկինի Օլիմպիական խաղերը դիվանագիտական բոյկոտի ենթարկելու մասին, ինչը ենթադրում է, որ ամերիկացի պաշտոնյաները հրաժարվելու են մեկնել ՉԺՀ: Մինչդեռ ամերիկացի մարզիկները խաղերին մասնակցելու են: Դիվանագիտական բոյկոտին միացել էին Ավստրալիան ու Մեծ Բրիտանիան: Չինաստանը նման քայլն անվանել էր քաղաքական մանիպուլյացիա և խոստացել համապատասխան քայլեր ձեռնարկել:

Lragir.am,
15-01-2022 00:07