Սա անդառնալի գործընթաց է։ Առաջիկայում պարբերաբար թե էլեկտրաէներգիայի, թե գազի սակագների ոլորտում ունենալու ենք բարձրացումներ

Lragira.am-ի զրուցակիցն է էներգետիկ անվտանգության հարցերով փորձագետ Վահե Դավթյանը Պարոն Դավթյան, «Գազպրոմ Արմենիա» ընկերությունը Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողով է ներկայացրել սպառողներին վաճառվող բնական գազի սակագների վերանայման հայտ: Սա սպասելի գործընթա՞ց էր և ինչի՞ հետևանք է: Նախ խոսենք այն մասին, որ փաստորեն հայկական կողմն առաջին անգամ խոսեց, այսպես կոչված, կալորիականության գործակցի կիրառման մասին, որն առնվազն 2013 թվականից ի վեր չի կիրառվել: Պարզվում է՝ այն կալորիականությունը, որով բնական գազը ներկրվել է Հայաստան վերջին տարվա ընթացքում, կազել է 8300- 8500 կկալ/խմ, մինչդեռ պայմանագրով սահմանված էր 7900 կկալ/խմ: Եվ, քանի որ կիրառվելու է կալորիանականության այս գործակիցը, սա իր ուղիղ ազդեցությունն է ունենալու գազի գնի գոյացման վրա: Երկրորդ գործոնն այն է, որ «Գազպրոմ Արմենիան», ինչպես մենք տեսնում ենք, վերջին տարիներին պարբերաբար դիմել է Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողով՝ ներքին սակագները բարձրացնելու համար: Եվ այն վերջին բարձրացումը, որն արձանագրվեց 2020 թվականի գարնանն ու ուժի մեջ մտավ ամռանը, դա չէր բավարարում ընկերությանը: Եթե հիշում եք՝ «Գազպրոմ Արմենիան» առաջարկում էր այն ժամանակ սակագինը բարձրացնել միջինը 11 տոկոսով, բայց բարձրացվեց ընդամենը 5 տոկոսով: Եվ այն ժամանակվանից ի վեր, հաշվի առնելով նաև մեր էներգետիկ համակարգում առկա ցուցանիշները և խնդիրները, նաև «Գազպրոմ Արմենիա» ընկերության եկամտաբերության նորմը, որը սահմանված է 9 տոկոսի չափով, պարզ է, որ այդ ընկերությունն ստիպված էր լինելու պարբերաբար հանդես գալ նմանատիպ հայտերով: Եվ այսօր արդեն խոսվում է սակագնի 6 տոկոսով միջին թույլատրելի բարձրացման մասին: Նպատակը մեկն է՝ ապահովել ընկերության ներքին եկամտաբերության նորմը: Ինչպես ասացի՝ 2013 թվականի համաձայնագրերի համաձայն՝ սահմանված է 9 տոկոսի չափով  եկամտաբերություն: Այստեղ խնդիրն այն է, որ վերջին տարիներին, այսպես կոչված, գազային բանակցությունների շրջանակներում, որոնց մասին խոսում են այսօրվա իշխանությունները, երբևէ չի բարձրացվել այդ եկամտաբերության նորմի վերանայման հարցը: Երբևէ հարց չի դրվել այդ պայմանագրում որոշակի փոփոխություններ իրականացնելու վերաբերյալ: Եվ հաշվի առնելով, որ գործող սակագների պայմաններում եկամտաբերության նորմի ապահովումը բավական բարդ է, բնականաբար, գազատրանսպորտային օպերատորը պարբերաբար դիմելու է Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողով: Այսինքն՝ հնարավորությո՞ւն կա, որ հայկական կողմը բարձրացնի «Գազպրոմ Արմենիայի» եկամտաբերության հարցը, որ վերանայվի պայմանագրով նախատեսված չափը: Ամեն ինչ կախված է բանակցային հմտություններից և հայկական կողմի դիրքից: Բայց, հաշվի առնելով, որ մենք դասական իմաստով երբևէ չենք ունեցել բանակցային գործընթաց, մենք պարզապես ունեցել ենք միակողմանի կոմունիկացիա, այս իրավիճակն է: Ռուսաստանից Դաշնության կողմից եղել են որոշակի առաջարկներ, հայկական կողմը, բնականաբար, դրանք ընդունել է: Հայկական կողմը վերջին տարիներին երբևէ չի առարկել ու չի սահմանել իր բանակցային «կարմիր գծերը», ինչպես դա արել են Ռուսաստանի գործընկերները: Այդ համաձայնագրերում կան բազմաթիվ դրույթներ, որոնք պետք է վերանայվեն: Բացի այդ 9 տոկոս եկամտաբերության հարցից, առանցքային հարցերից մեկը, որը պետք է լուծվեր, դա այդ համաձանագրերի այն դրույթի վերանայումն էր, համաձայն որի՝ հայկական կողմը «Գազպրոմ Արմենիա» ընկերության տնօրենների խորհրդում կարող է ունենալ ընդամենը մեկ ներկայացուցիչ՝ այն էլ առանց ձայնի իրավունքի: Սա Հայաստանի ազգային էներգետիկ շահին հակասող դրույթ էր, որը տեղ էր գտել համաձայնագրում, և այդ հարցը երբեք չի բարձրացվել: Եթե խոսում ենք 2018 թվականի հեղափոխական զարգացումների մասին, այդ հեղափոխությունը պետք է տարածվեր բոլոր համակարգերի վրա: Ես կարծում եմ, այո, սա գործընթաց է, որն անդառնալի է: Առաջիկայում մենք պարբերաբար թե էլեկտրաէներգիայի, թե գազի սակագների ոլորտում  ունենալու ենք բարձրացումներ: Դրանք միմյանց հետ փոխկապակցված են, որովհետև նույն այդ 6 տոկոս միջին բարձրացումը վերաբերելու է նաև մեր ջերմաէլեկտրակայաններին, որոնք Հայաստանի էլեկտրաէներգիայի գեներացման համակարգում ապահովում են շուրջ 40 տոկոսը: Իսկ վերջին մեկ տարվա ընթացքում վերանորոգման նպատակով Ատոմակայանի կանգնեցման պայամաններում 2021 թվականի դրությամբ այդ մասնաբաժինը կազմել է 56 տոկոս: Այսինքն՝ սա ուղղակիորեն ազդելու է նաև էլեկտրաէներգիայի սակագնի վրա: Նախորդ տարեվերջին կառավարությունը մի որոշում ընդունեց, ըստ որի՝ նախատեսվում է պետական բյուջեից տարեկան 31,79 մլն ԱՄՆ դոլար գումար վճարել «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ին՝ որպես վերջինին պատկանող Հրազդանի 5-րդ էներգաբլոկի տարեկան հզորության վճար: Որոշման մեջ նշվում էր, որ սա հնարավորություն կստեղծի 10 տարվա կտրվածքով հաստատուն պահել Հայաստան մատակարարվող գազի գինը՝ 165 ԱՄՆ դոլար՝ 1000 խմ դիմաց: Ստացվում է, որ և պետական բյուջեից տարեկան ավելի քան 30 մլն դոլար է ուղղվելու այդ ընկերությանը, և պարբերաբար սպառողների համար սակագինը թանկանալո՞ւ է: Այո, փաստորեն այն կոմպենսացիոն քայլը, որին գնաց կառավարությունը, չստեղծեց այն անվտանգության բարձիկը, որն առնվազն կարճաժամկետ ժամանակահատվածում՝ 2022 թվականին կկարողանար ապահովել գազի սակագնի զսպումը: Սա բացարձակ ձախողում է, որն առկա է մեր էներգետիկ քաղաքականության տիրույթում: Եվ ես ուզում եմ ընդգծել կարևոր հանգամանք: «Գազպրոմ» մայր ընկերության 2022 թվականի բյուջեի հիմքում դրված է 250 դոլար արտահանման միջին գինը: Հաշվի առնելով այն, որ այսօր համաշխարհային շուկայում գազի գինը կտրուկ աճում է, եվրոպական ու ասիական շուկայում հասնում է 1500-2000 դոլարի, պարզ է, որ ինչպես վերջին մեկ տարվա ընթացքում, այնպես էլ առաջիկայում «Գազպրոմ» ըներությունն աշխատելու է գերշահույթով: Եվ հայկական կողմն այդ բանակցային գործընթացի շրջանակներում պետք է կարողանար օգտվել այս հանգամանքից, որովհետև գերշահույթով աշխատելով՝ «Գազպրոմը» հնարավորություն է ստանալու մանևրելու և որոշակի ավելի սոցիալակենտրոն գնային քաղաքականություն իրականացնելու իր առանցքային ռազմավարական գործընկերների հետ: Այս հնարավորությունը ևս հայկական կողմը բաց թողեց:

ՌՈԶԱ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ, Լրագրող
15-01-2022 15:57