Հայաստանում առկա մանկաբարձագինեկոլոգիական խնդիրները քայլ առ քայլ կլուծվեն. ԱՆ

15-01-2022 17:29

Կայացել է առողջապահության նախարարին կից մանկաբարձության և գինեկոլոգիայի խորհրդի նիստը, որը վարել է առողջապահության նախարարի տեղակալ Արտակ Ջումայանը: «Արմենպրես»–ի հաղորդմամբ, ՀՀ առողջապահության նախարարությունը տեղեկացնում է, որ նիստին քննարկվել է Հայաստանում կեսարյան հատման վիրահատությունների և հղիության արհեստական ընդհատման ցուցանիշների նվազեցմանն ուղղված մեխանիզմները, հղիության ընթացքում պետպատվերի շրջանակներում ընդգրկված հետազոտությունների ցանկի ընդլայնումը: Անդրադարձ է կատարվել պրենատալ սկրինինգի, բնածին արատների և գենետիկ հիվանդությունների վաղ պրենատալ ախտորոշման, ինչպես նաև մարզային հիվանդանոցների բուժանձնակազմի վերապատրաստմանը վերաբերվող խնդիրները: Քննարկվել են նաև գինեկոլոգիական հիվանդությունների վաղ հայտնաբերման համար կիրառվող միջոցառումների, ինչպես նաև անվճար և արտոնյալ պայմաններով օժանդակ վերարտադրողական տեխնոլոգիաների կիրառմամբ պետպատվերի շրջանակներում բժշկական օգնություն ստացող շահառուների ցանկի ընդլայնման հարցերը:

Lragir.am,
15-01-2022 17:29