Պառլամենտում նստածների մեծ մասը ապուշ են, աղբ ու գենետիկ խոտան

Lragir.am-ի զրուցակիցն է դերասան Սերգեյ Դանիելյանը (Յոժ) Պարոն Դանիելյան, դուք պարբերաբար ձեր հոլովակներում բարձրացնում եք այն խնդիրները, որոնք այսօր կան: Ինչպե՞ս պետք է լուծել դրանք, թե իշխանությունը, թե ընդդիմությունը ի՞նչ պետք է անեն: Քաղաքական ուժերը պետք է քաղաքական պրոցես սկսեն, արտախորհրդարանական ուժերը պետք է միավորվեն, որ մենք էլ կողմնորոշվենք՝ ում դեմ լինենք, ում կողմ լինենք: Իսկ այսօրվա վիճակը լրիվ «թքած» վիճակ է: Եվ ես պարբերաբար կոչ եմ անում քաղաքական ուժերին միավորվել, բայց գիտեմ, որ կոչս ոչ մի օգուտ չի տալու: Քաղաքական ուժերն էլ մեղադրում են, որ հասարակությունն է պասիվ, մարդիկ անվտանգային խնդիրներով այսօր դուրս չեն գալիս փողոց: Հասարակությունը չի կարող 2-3 տարին մեկ հեղափոխություն անել: Այս հասարակությունը պատերազմ է տեսել, պանդեմիա է տեսել, հեղափոխություն է տեսել, հերի՞ք չէ, որ այդ հասարակությունն արդեն պասիվ մնա այս պրոցեսներից: Իսկ ինձ թվում է, որ հերիք է: Եվ պետք չէ այսօր հասարակությունից ինչ-որ լուրջ քայլեր սպասել: Ազգային ժողովի աշխատանքն ինչպե՞ս եք գնահատում, ինչո՞ւ չեն բարձրացվում այն հարցերը, որոնք կարևոր են Հայաստանի ու Արցախի համար: Որովհետև Ազգային ժողովում նստածների մեծ մասը ապուշ են: Չգիտեմ՝ դա պետք է ասել, թե ոչ, որովհետև կարծում եմ՝ բոլորը դա գիտեն: Մյուս մասը ռևանշիստ են, մի մասսա կա, որն ուղղակի վարկեր է վերցրել ու ստաբիլ աշխատանավարձ է ստանում, դրա համար չի կարողանում դուրս գա այնտեղից, մնացել է, որ վարկերը տա: Այսինքն՝ սա Ազգային ժողով չէ: Ազգային ժողովում խելոք մարդիկ պետք է լինեն, կարծիքների բախում պետք է լինի: Մենք երբեք էլ չենք ունեցել Ազգային ժողով, նախկինում սաղ գող էին, այսօր էլ ոչ կոմպենտենտ մասսա է հավաքվել: Մեջները կան, իհարկե, մի քանի լուրջ մարդիկ, բայց նրանք էլ պասիվ են: Մարդիկ էլ անընդհատ հարցնում են՝ իսկ ո՞ւր են մեր մտավորականները: Մտավորականներն էլ ձեր նման մարդիկ են, եսիմ ուր են: Իսկ ես ասում եմ՝ արտախորհրդարանական ուժերն ու նրանք, ովքեր ՔՊ-ից դուրս են եկել, թող միավորվեն, ինչ-որ բան անեն, որ մենք էլ կպնենք իրենց: Հումանիտար մտավորականները՝ երգիչ, դերասան, գրողները երբեք ոչ մի լուրջ բան չեն կարող առաջարկել, որովհետև ոչ տնտեսագետ են, ոչ իրավաբան են, ոչ միջազգային հարաբերությունների մասնագետ: Էմոցիոնալ ինչ-որ մասսա են: Իսկ էն մտավորականները, որոնք գիտնական են, ինժեներ ու ծրագրավորող են, նրանց կոտորել են: Այդ տիպի մտավորականն այսօր հարցեր պետք է լուծեր: Երբ մենք մտավորական ենք ասում, հիշում ենք երգիչ-երգչուհիներին, բայց նրանք ինձ նման էմոցիոնալ մասսա են: Եթե 1988 թիվը հիշենք, ովքեր էին մեր մտավորականները՝ Սերգեյ Համբարձումյանը, Վիկտոր Համբարձումյանը, որոնք միտք էին առաջ քաշում: Տեխնիկական մտավորականությանը հետևողական 30 տարի ոչնչացրել ենք և աճեցրել ենք միայն էմոցիոնալ մտավորականներ, որոնք իրենց հարսանիքներում երգել-պարել ու սերիալներում նկարվել են ինձ նման: Ժամանակին այդպիսի մարդիկ կային մեզնում, օրինակ, Կարեն Վարդանյանը, ում գլուխը կերան: Համոզված եմ, որ հիմա էլ այդպիսի մարդիկ կան, որ մեզ կուղղորդեն, կասեն՝ այս ենք առաջարկում, ժողովուրդ ջան: Իշխանությունները խոսում են խաղաղության դարաշրջան բացելու մասին, բայց մենք տեսնում ենք, որ անվտանգային հարցերը գնալով սրվում են, ի՞նչ պետք է անել: Իսկ իշխանությունն ի՞նչ պետք է ասի: Որևէ բան կա,՞ որ այս իշխանությունը կարա ասի, կարա ասի՝ ռևանշ անե՞նք: Մենք պատերազմ ենք պարտվել, իշխանությունն այս պայմաններում կարող է ասել միայն, որ խաղաղություն է լինելու: Բայց ինքն էլ է հասկանում, որ ոչ մի խաղաղություն չի լինելու, որովհետև խաղաղությունը նվաճում են: Ես կարծում եմ՝ այդքան կրթված մարդ կլինի մեջները, որ դա հասկանա: Ավելի շուտ անճարության դարաշրջան է բացվում, ոչ թե խաղաղության: Մենք պետություն չունենք այսօր, այդպես շարունակվելու է երկար, մինչև չլինի քաղաքական պրոցես, մինչև չլինի քաղաքական ուժերի միավորում: Հենց քաղաքական ուժերը պետք է միավորվեն, զզվացրին հասարակության մասին խոսելուց: Մեկ Նիկոլն էր ուզում, որ ժողովուրդը «դիշովկի» նման ընկներ հետևներից, մեկ էլ այսօր սրանք են ասում ՝ դուք զոմբի եք, ժեխ եք, պիտի միավորվեք: Ուրեմն ես ուզում եմ հայտարարել՝ ժեխը դուք եք, պառլամենտում նստածներդ, աղբ եք ու գենետիկ խոտան: Իշխանափոխություն պետք է լինի ոչ թե արտահերթ ընտրություններով, ոնց որ մյուս ճամբարի եզերն են այսօր ասում, այլ պետք է լինի բնական քաղաքական պրոցես, պետք է իմանանք՝ ում ենք իշխանության դնում: Ես պետք է իմանամ՝ այդ իշխանության եկող ուժն ով է, իր պաշտպանության նախարարն ով է, կրթության նախարարն ու քաղաքապետն ով է: Իսկ հիմա ես իշխանափոխություն չեմ ուզում, որովհետև այս պայմաններում ով էլ լինի, նույնն է անելու: Մեկին մյուսով փոխարինենք, որ ի՞նչ լինի, էլի ցնցում լինի՞: Ես բնականաբար, ուզում եմ, որ այս իշխանությունը փոխվի, ավելին, շատերին պիտի դատեն: Բայց պետք է իմանանք՝ ում ենք դնում: Եվ նորից վերադառնանք իմ ասածին՝ արտախորհրդարանական ու իշխանությունից դուրս եկած մարդիկ պետք է միավորվեն ու մի կուրս գտնեն, այդ ժամանակ մարդիկ կգնան ընտրության: Իսկ այսօր ես համարում եմ, որ ապրում եմ մի Հայաստան հողի վրա, որը ոչ մի նպատակ չունի: Մասնագետների մեծ մասը թռան-փախան, որովհետև այս իշխանությունը ոչ կոմպետենտ է, իրենք չեն ուզում հետները դիալոգի մեջ մտնեն, մյուսները նեղացել ու տանը նստել են, որովհետև չեն հասկանում, թե ինչ պետք է անեն: Այն մարդիկ, ովքեր մի փոքր հեղինակություն ունեն, քաղաքականությամբ են զբաղվում, մտածում են միայն իրենց մասին ու իրենց քաղաքական տխմար դիվիդենտների մասին, միտինգներ են անում, չգիտեմ ինչ: Պանդեմիայից սատկում ենք բոլորս, հիմա ի՞նչ միտինգ: Ոնց «Կալաշնիկովը» առանք գնացինք պատերազմ ու ընկանք փորձանքի մեջ, ընենց էլ հիմա միտինգով ուզում են երկիր սարքել: Արտախորհդրարանական ուժերն իրենց տխմար գաղափարներով են գնում առաջ, մեկը խոսում է Վիլսոնի իրավարար վճռից, մյուսը ասում է՝ կպնենք Ամերիկային: Իսկ խորհրդարանի ուժերն էլ սապոնն առելն են ու մտել Ռուսաստանի լորձաթաղանթների մեջ ու լավ էլ ապրում են:

ՌՈԶԱ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ, Լրագրող
15-01-2022 19:41