ՌԴ ԱԳ նախարարության ներկայացուցիչը Թուրքիայի ներկայացուցչին է հիմնավորում, դա դաշնակից չէ, դա ոխերիմ թշնամի է

Lragir.am-ի զրուցակիցն է թուրքագետ Հակոբ Չաքրյանը Պարոն Չաքրյան, Մոսկվայում կայացավ Հայաստանի ու Թուրքիայի բանագնացների հանդիպումը: Ի՞նչ են ցույց տալիս այս զարգացումները, ՌԴ միջնորդությամբ այս գործընթացից ի՞նչ ակնկալիքներ կարող են լինել: Մարիա Զախարովան ավելի վաղ հայտարարել էր, որ հայկական կողմն էր խնդրել հանդիպումն անցկացնել Մոսկվայում: Իրականում ես չեմ կարծում, որ հայկական կողմը նման խնդրանքով դիմել էր, քանի որ Հայաստան-Թուրքիա հարաբերությունների կարգավորման գործընթացում նախաձեռնությունն անցել է Վաշինգտոնին: Ռուսաստանն առաջին հանդիպումն այնտեղ կազմակերպելով՝ փորձեց ցույց տալ, որ ինքը դուրս չի մղվել գործընթացից: Բայց ընդհանուր հայտարարության մեջ միանշանակ ասված է, որ այսուհետ բոլոր հանդիպումները կայանալու են Երևանում և Անկարայում: Իշխանական պատգամավորներն այսօր հայտարարում են, որ հայ-թուրքական հարաբերություններն առանց նախապայմանների պետք է հաստատվեն և որ դա բխում է ՀՀ ու հայ ժողովրդի շահերից: Թուրքիան առանց նախապայմանների՞ է գործընթացին մասնակցում: Ինչ վերաբերում է առանց նախապայմանների հարցին, հանդիպումից հետո արված ընդհանուր հայտարարության մեջ նույնպես նշված է, որ Հայաստան-Թուրքիա հարաբերությունների նորմալացումը պետք է ընթանա առանց նախապայմանների սկզբունքով: Այստեղ, կարծում եմ, որ խնդիրը ոչ այնքան Հայաստան-Թուրքիա հարաբերությունների նորմալացումն է, որքան գործընթացից Ռուսաստանի դուրս մղումը, ինչպես Մոսկվան 44-օրյա պատերազմում Ղարաբաղյան կարգավորման գործընթացից դուրս մղեց Ֆրանսիային ու ԱՄՆ-ին: Որպեսզի նրանք չվերադառնային ու գործընթացից դուրս մղվեին, կպել էր անընդհատ «Զանգեզուրի միջանցքից» էր խոսում: Ընդ որում, նրանք երկու միջանցք էին նախատեսում՝ մեկը Հայաստան-Իրան սահմանի երկայնքով, մյուսի մասին էլ չէին ասում, թե որտեղով պետք է անցնի: Այն բանից հետո, երբ Բայդենը հայտարարեց, որ «Մեղրիի միջանցք չի լինելու», նոր հասկացանք, որ Մեղրիի հյուսիսով էր անցնելու: Եթե դա տեղի ունենար, ուրեմն Մեղրիից մինչև Իրանի սահման վերածվելու էր ռուսական զորանոցի, ինչպես Արցախի հայկական հատվածը: Եթե հիշում եք, մայիսին Պուտինը Լավրովին գործուղեց Բաքու, որից հետո մայիսի 12-ին ադրբեջանական հրոսակախումբը ներխուժեց Սյունիք: Այս անգամ Ռուսաստանն «անտարբեր» մնաց: Բայց այս դեպքում Մոսկվան կարող էր հիշել, որ Հայաստանի դաշնակիցն է, կբերեր, օրինակ, 20 հազարանոց զորք կմտցներ, ադրբեջանցիներին դուրս կհաներ, բայց իր զորքերն այնտեղ կմնային: Իսկ եթե այդ զորքերը մնային այնտեղ, Սյունիքը վերածվելու էր ռուսական զորանոցի: Հետևաբար, ես կողմ եմ, որ Վաշինգտոնի նախաձեռնությամբ լինի այս գործընթացը, քանի որ Պուտինը միմիայն ընդդեմ հայերի է գործել ու գործում: Ռուսաստանը Հայաստանի ռազմավարական դաշնակիցն է, դա ամրագրված է 1995 և 1997 թվականների հայ-ռուսական պայմանագրերով: Ընդ որում՝ 1997 թվականի պայմանագիրը կոչվում է մեծ պայմանագիր, այսինքն՝ բարեկամության, համագործակցությոն ու փոխօգնության: Բայց ի՞նչ փոխօգնության մասին է խոսքը: Պուտինի խորհրդական Դուգինն իր հարցազրույցում ասում էր, որ «մենք հրաշալի համագործակցում ենք Թուրքիայի հետ, դա առավելագույնս դրսևորվել է 44-օրյա պատերազմում»: Դրանից մի երկու օր առաջ Դուգինը ռուսական հեռուստաընկերությամբ ասել էր՝ «թող Ալիևը չերևակայի իրեն, եթե մենք չլինեինք, նա պատերազմում չէր հաղթի, 44-օրա պատերազմում հաղթանակը Թուրքիան չի ապահովել, մենք ենք ապահովել»: Եվ սա ասում է դաշնակից երկրի նախագահի խորհրդականը: Այսինքն՝ սա խոստովանություն է: Հունվարի 14-ին Մոսկվայում տեղի ունեցած հանդիպումից առաջ՝ հունվարի 13-ին Հայաստանի հարցով թուրք ներկայացուցիչ Սերդար Քըլըչը թուրքական հեռուստատեսությամբ խոսում էր «Զանգեզուրի միջանցքի» մասին, ասում էր, որ «պետք է Զանգեզուր միջանցքը բացվի, իսկ 1915 թվականի իրադարձությունները պետք է թողնել պատմաբանների հայեցողությանը»: Նաև ասաց, որ «Հայաստանը պետք է հարգի Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը»: Դրանից առաջ Մարիա Զախարովան հայտարարել է, որ «եթե Հայաստանը հարգի Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը, ապա հայ-ադրբեջանական սահմանի շփման գծում Բաքվի կողմից կրակոցներ չեն արձակվի»: Այսինքն՝ ՌԴ ԱԳ նախարարության ներկայացուցիչը Թուրքիայի ներկայացուցչին է հիմնավորում, և զարմանում ես, դա դաշնակից չէ, դա ոխերիմ թշնամի է: Ինչպե՞ս է այդքան վստահ պնդում, նա ՌԴ ԱԳ ներկայացուցիչն է, ոչ թե Ադրբեջանի: Դա ինձ մոտ այն տպավորությունն է ստեղծում, որ շփման գծում կրակոցները, որի հետևանքով արդեն տասնյակ զինվորներ ենք կորցրել, Մոսկվայի հրահանգով են կատարվում, որ ահաբեկված վիճակում պահի Հայաստանը: Հունվարի 14-ին՝ հանդիպման ավարտին արդեն թուրքական արտգործնախարարությունը հայտարարեց, որ «կողմերը պայմանավորվել են, որպեսզի Թուրքիա-Հայաստան նորմալացման գործընթացն ընթանա առանց որևէ նախապայմանի»: Սա կարևոր է, այսինքն՝ եթե առաջին իսկ հանդիպմանը այս բովանդակությամբ հաղորդագրություն է տարածվում, այլևս չենք կարող նոր նախապայմաններ առաջարկել: «Զանգեզուրի միջանցքի» մասին արդեն չեն խոսում: Եթե նախապայմաններ մտցվեն, Հայաստանը դուրս կգա գործընթացից: Գործընթացից դուրս գալը դժվար չէ, միջազգային հանրության արձագանքն է այստեղ կարևոր, այդ դեպքում կդատապարտվի Թուրքիան: Իսկ թուրքերն այդքանը լավ գիտեն: Թե չէ թուրքերին վստահելը, նամանավանդ 44-օրյա պատերազմից հետո արված հայտարարությունից հետո, տխմարություն կլինի: Այսինքն՝ Ռուսաստանը դո՞ւրս է մղվում այս գործընթացից: Աստիճանաբար դուրս է մղվում: Նշվում է, որ կողմերը Երևանում ու Անկարայում են հանդիպելու, չի բացառվում, որ Վաշինգտոնում էլ կհանդիպենը: Դա վտանգավոր չէ: Իսկ Ռուսաստանի միջնորդությամբ գործընթացի դեպքում, երբ Հայաստանն անգամ հրաժարվեր հանդիպումից, Պուտինը կզանգեր մեր վարչապետին, կստիպեր, որ այդ հանդիպումն անպայման տեղի ունենար: Փոխարենը քաղաքական առևտուր կանեին, իհարկե, ի վնաս Հայաստանի: Պուտինի գործը հեշտ է, նա միշտ զիջում է հայ ժողովրդի հաշվին: Այսպիսով՝ այն, որ թուրքական կողմը հայտարարում է, որ գործընթացը պետք է ընթանա առանց նախապայմանների, դա առաջին անգամ ենք լսում: Եվ դա ԱՄՆ նախագահ Բայդենի ազդեցությունն է: Եթե ԱՄՆ-ն չլիներ, մենք Սյունիքը վաղուց կորցրած կլինեինք, այն վերածված կլիներ ռուսական զորանոցի:

ՌՈԶԱ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ, Լրագրող
17-01-2022 22:35