Վարակի տարածման տեմպի արագանում է

Lragir.am-ի զրուցակիցն է հանրային առողջության մասնագետ Դավիթ Մելիք-Նուբարյանը Օրերս ուժի մեջ է մտնելու որոշումը, ըստ որի՝ հանրային ու ժամանցի վայրեր մուտք գործելու համար պետք է կամ ՊՇՌ թեստի բացասական պատասխան ցույց տալ, կամ պատվաստման հավաստագիր: Հայաստանի պայմաններում այս որոշումը արդյունավետ կլինի՞, և ինչպե՞ս է հնարավոր վերահսկողություն սահմանել: Որոշման տրամաբանության հետ կապված որևէ խնդիր չկա, այսինքն՝ այն ամբողջությամբ հասկանալի և ընդունելի է, որովհետև երկու կարևոր հարց է լուծում: Առաջինը պաշտպանում է մարդկանց, և սա հատկապես կարևոր է օմիկրոնի պարագայում, որովհետև այն անհամեմատ ավելի արագ է տարածվում: Եվ երկրորդը, մենք սրանով խթանում ենք պատվաստումները: Սա դարձյալ օմիկրոն շտամի դեպքում կարևոր է, քանի որ ինչքան էլ պատվաստանյութերի արդյունավետությունը նվազում է, այնուամենայնիվ ամբողջական պատվաստում ստացած մարդը հիվանդության ծանր ընթացքից պաշտպանված է 65 տոկոսով, իսկ բուստեր ստացած անձը՝ 81 տոկոսով: Բայց մյուս կողմից կա վերահսկողության խնդիրը: Նախքան որոշումն ուժի մեջ մտնելը մի քանի օր կա, և շատ կարևոր է, որ այս օրերին որոշում կայացնողները ևս մեկ անգամ գնահատեն՝ ինչպիսի՞ մեխանիզմներով է իրականացվելու վերահսկողությունը: Այո, այդ խնդիրը մենք ունենք, վերահսկողները քիչ են, բայց խնդիրները շատ են: Պետք է հասկանալ՝ արդյոք իրական կյանքում հնարավոր կլինի վերահսկողություն սահմանել, թե ոչ: Միգուցե Երևանի կենտրոնում՝ Կասկադի հարակից սրճաններում հնարավոր լինի դա վերահսկել, բայց Հայաստանը միայն Երևանի կենտրոնը չէ: Երևանի կենտրոնից դուրս ինչ-որ քաղաքում կամ գյուղական բնակավայրում որքանո՞վ իրատեսական կլինի նման վերահսկողություն սահմանել: Սա շատ կարևոր հարց է, հատկապես, որ հարսանիքներ են լինում, մեծ միջոցառումներ, պետք է լինելու այդ վերահսկողությունը սահմանել: Եվ լավ կլինի, որ քանի դեռ ժամանակ կա, ևս մեկ անգամ բազմակողմանի ուսումնասիրեն, որ սա չդառնա թղթի վրա մնացած որոշում: Առաջիկայում համավարակի հերթական ալի՞քն է սպասվում: Որևէ արտառոց բան չկա, երբ չորրորդ ալիքն ավարտվեց, մենք ասացինք, որ 8-10 շաբաթ հետո պետք է սպասենք նոր ալիքի: Կարող է մի քիչ ժամկետների շեղում լինել, որովհետև այս ընթացքում վիրուսի տեսակը փոխվեց: Մեր կանխատեսումներն իրականանում են, սա բնական ընթացք է, պետք է լիներ: Եվ, այո, արդեն շուրջ 2 շաբաթ ունենք ակտիվ բուժման մեջ գտնվող պացիենտների թվի աճ, մենք տեսնում ենք, որ թեստավորում-հայտնաբերում հարաբերակցությունն արդեն գերազանցում է 5 տոկոսը, ինչը ևս խոսում է վարակի տարածման տեմպի արագացման մասին: Եվ ունենք վերջին ցուցանիշը՝ վիրուսի վերարտադրության գործակիցը, որը պետք է լինի 1-ից ցածր, բայց մեզ մոտ 1-ից բարձր է: Ուրեմն, համաճարակը զարգանում է: Եվ այս պարագայում մեր խորհուրդը մարդկանց մնում է նույնը՝ պահպանել հակահամաճարակային կանոնները, չտրվել ապատեղեկատվությանը և անպայման պատվաստվել: Արդեն փաստ է, որ օմիկրոն տեսակն ավելի արագ է տարածվում, ավելի շատ մարդ կարող է վարակել: Եվ արդեն խոսում են պայթյունաձև տարածման մասին, ինչը շատ վտանգավոր է առողջապահության համակարգի ծանրաբեռնվածության տեսանկյունից: Մյուս կողմից, սա ավելի հաճախ առաջացնում է նաև կրկնավարակներ: Սա կարևոր է հատկապես այն մարդկանց համար, ովքեր ասում են՝ ես հիվանդացել եմ, ինչո՞ւ պատվաստվեմ: Օմիկրոնը մոտավորապես 10 անգամ ավելի հաճախ է առաջացնում կրկնավարակ, քան դելտա տեսակը: Բայց, մյուս կողմից, օմիկրոն տեսակի դեպքում հիվանդությունն ավելի թեթև է ընթանում, այդպե՞ս է: Այո, այն ավելի թեթև ընթացք ունի: Թվերը խոսում են այն մասին, որ հոսպիտալացման միջին տևողությունը մոտ երկու անգամ ավելի ցածր է, քան դելտա տեսակի դեպքում և ավելի քիչ է ախտահարում թոքերը, այսինքն՝ ավելի քիչ մարդիկ են թթվածնի կարիք ունենում: Ուզում եմ շեշտել, որ անհատի ռիսկը գնահատելիս միգուցե օմիկրոնով վարակելու ու ապաքինվելու հավանականություն ավելի բարձր է, քան դելտայի դեպքում, բայց հանրության տեսանկյունից վտանգը շատ բարձր է: Եթե մենք ունենանք վարակվածների թվի պայթյունաձև աճ, ուզենք թե չուզենք այդ վարակվածներից մի մասին պետք է հոսպիտալացնել: Իսկ եթե հիվանդների թիվը մեծ լինի, առողջապահական համակարգը կարող է ծանրաբեռնվել: Ինչո՞վ է բացատրվում, որ վիրուսի նոր տեսակն ավելի թեթև ընթացք ունի: Ոչ ոք հստակ չգիտի: Այն, որ վիրուսները ենթարկվում են մուտացիայի, դա մենք գիտենք: Մուտացիաները լինում են երկու տեսակի՝ ավելի վտանգավոր կամ հակառակը: Օմիկրոնի դեպքում ունենք երկու իրարամերժ մուտացիա՝ մի կողմից ինքն առաջացնում է ավելի թեթև հիվանդություն, բայց մյուս կողմից ավելի արագ է տարածվում: Թե ինչու է այդ մուտացիան առաջացել, երեք հիմնական թեորեա կա, դրանցից գիտնականների կողմից ընդունված ամենահավանական թեորեան հետևյալն է, որ վիրուսը գտնվել է թուլացած իմունիտետ ունեցող մարդկանց օրգանիզմում, ում իմունային համակարգը չի կարողացել ադեկվատ պայքարել, և ստեղծվել է բարենպաստ միջավայր, որ այն փոխվի:

ՌՈԶԱ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ, Լրագրող
18-01-2022 20:51