Մի բան է Ադրբեջանի դիրքորոշումը, մի բան է իրականությունը, մի բան է միջազգային հանրության դիրքորոշումը․ Արարատ Միրզոյան

19-01-2022 17:04

Արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանն Աժ-կառավարություն հարց ու պատասխանի ժամանակ անդրադարձավ Ադրբեջանի նախագահ Ալիևի՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների ու Արցախի վերաբերյալ հայտարարություններին: «Առաջին անգամ չէ, որ Ադրբեջանի բարձրագույն ղեկավարությունը հանդես է գալիս, մեղմ ասած, ոչ կառուցողական հայտարարություններով ու դիրքորոշմամբ, ինչն, իհարկե, խանգարում է բոլոր եղած խնդիրների ավելի կառուցողական մթնոլորտում քննարկմանը և ըստ այդմ՝ բոլորի համար ընդունելի լուծումների փնտրտուքին ու ամրագրմանը: Այդուհանդերձ, պետք է ասեմ, որ ոչ միշտ են հրապարակային հայտարարություններն ամբողջությամբ կամ մասնակիորեն համընկնում փակ սենյակներում քննարկված մոտեցումների հետ: Եվ նաև պետք է ասեմ, որ մի բան է Ադրբեջանի դիրքորոշումը, մի բան է իրականությունը, մի բան է միջազգային հանրության դիրքորոշումը: Իսկ իրականությունն այն է, որ չնայած Ադրբեջանի դիրքորոշմանը ու փորձերին, թե Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի հարցը լուծված է, և ոչ հիմնախնդիր, ոչ Լեռնային Ղարաբաղ գոյություն չունեն, այդ մեկ տարվա ընթացքում մենք տեսել ենք, որ աշխարհը բոլորովին դրա հետ համաձայն չէ, և իրականությունն էլ այդպիսին չէ: Հերթական ապացույցը կարող եք գտնել անցած դեկտեմբերին Ստոկհոլմում տեղի ունեցած ԵԱՀԿ նախարարական ամենամյա համաժողովում բազմաթիվ երկրների կողմից հնչեցված դիրքորոշումներում, որ կա Լեռնային Ղարաբաղի հիմնախնդիր, և այն պետք է լուծում ստանա ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության ֆորմատով: Սա միակ ձևաչափն է, որն ունի միջազգայնորեն ճանաչված մանդատ, այն է՝ գտնել Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի խաղաղ կարգավորում»,- ասաց Արարատ Միրզոյանը: Ըստ նրա՝ այս պահին ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության ֆորմատով կոնկրետ հանդիպում նախատեսված չէ: Նախատեսված է Մինսկի խմբի համանախագահների այցը տարածաշրջան: «Օրակարգում դա է, պետք է տեղի ունենա ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների տարածաշրջանային այցը»,- հավելեց նա:

Lragir.am,
19-01-2022 17:04