2020 թ․ պատերազմում զոհվել է 3809 անձ, անհայտ է 199 զինծառայողի և 21 քաղաքացիական անձի գտնվելու վայրը

19-01-2022 17:38

ՀՀ քննչական կոմիտեի զինվորական քննչական գլխավոր վարչության հատկապես կարևոր գործերի քննության վարչությունում շարունակվում է Ադրբեջանի Հանրապետության ռազմաքաղաքական ղեկավարության կողմից Արցախի Հանրապետության դեմ ագրեսիվ պատերազմ սանձազերծելու և վարելու, ռազմական գործողությունների ընթացքում նախապես հավաքագրված վարձկաններ օգտագործելու, պատերազմ վարելու արգելված մեթոդներ և միջոցներ կիրառելու, քաղաքացիական բնակիչներին զինծառայողներից չտարբերակելու և Արցախի Հանրապետության խաղաղ բնակավայրերի քաղաքացիական բնակչությանը համակարգված, կանխամտածված և նպատակաուղղված գրոհների թիրախ դարձնելու,  մասնավորապես՝ խորը թիկունքում գտնվող քաղաքացիական բնակչությանը և քաղաքացիական օբյեկտները ոչ ընտրովի հարձակման օբյեկտներ դարձնելու և հրետակոծելու, միջազգային մարդասիրական իրավունքի նորմերի լուրջ խախտումներ համարվող արարքներ կատարելու փաստերի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը: Քրեական գործի շրջանակներում պարզվել է, որ Ադրբեջանի կողմից սանձազերծված ագրեսիվ պատերազմի հետևանքով Արցախի Հանրապետությունում և ՀՀ–ում զոհված զինծառայողների և քաղաքացիական անձանց ընդհանուր թվաքանակը կազմում է 3809 անձ: 19.01.2022թ. դրությամբ անհայտ է 199 զինծառայողի և 21 քաղաքացիական անձի գտնվելու վայրը: Մինչև օրս Ադրբեջանի Հանրապետության կողմից Հայաստանի Հանրապետություն է հանձնվել գերեվարված ընդհանուր թվով 141 զինծառայողներ և քաղաքացիական անձինք:

Lragir.am,
19-01-2022 17:38