Նույնիսկ գազի կալորիականության հաշվարկի կիրարկման պարագայում դա չի վերաբերելու սպառողների մի զգալի հատվածին․ Մհեր Գրիգորյան

19-01-2022 17:36

Ազգային ժողով-կառավարություն հարց ու պատասխանի ժամանակ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը «Հայաստան» խմբակցության պատգամավոր Թադևոս Ավետիսյանի հարցին ի պատասխան անդրադարձավ գազի սակագնի սպասվող թանկացմանը: Նա նշեց, որ համաձայն չէ այն պնդման հետ, թե ռուսական կողմի հետ բանակցություններն անցել են ապարդյուն: «Նման գնահատականներ տալու համար պետք է գիտակցել, թե ինչքան է գինը սահմանին պահպանվում Հայաստանի համար, և ինչ գին ունի այսօր գազն աշխարհում: Երկրորդը, ես կարծում եմ, դուք առաջնորդվում եք զուտ այսօրվա հայտով, որը, կալորիականությունից ելնելով, որպես առաջարկ է ներկայացվել Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովին: Եվ դոգմատիկ չէ, որ այդ հայտն ընդունվելու է կամ ընդունվելու է այն ձևով, որով ներկայացվել է: Ես ավելի շատ հակված եմ վստահ լինել, որ անապահով խավի համար գազի սակագինը չի փոխվելու: Եվ այդ հնարավորությունը կա, որովհետև նույնիսկ կալորիականության հաշվարկի կիրարկման պարագայում դա չի վերաբերելու սպառողների մի զգալի հատվածին»,- ասաց Մհեր Գրիգորյանը: Ըստ փոխվարչապետի՝ սահմանին գազի գինը 2022 թվականի համար մնում է նույնը: «Այո, Հայաստանի Գազպրոմը ներկայացրել է հայտ, որով դեռևս 2013 թվականին սահմանված կալորիականության հաշվարկի կիրարկման խնդիր է դրվում: Կալորիականության հաշվարկի խնդիրը ենթադրում է, որ այլ հավասար պայմաններում գազի ծավալի սպառման պարագայում չի փոխվում գինը: Բայց, իհարկե, չի բացառվում, որ սպառումը կաճի, որովհետև աճում է: Եվ այդ իմաստով ցանկացած հետևանք հեշտությամբ կչեզոքացվի: Եթե դուք գազի գինը կապում եք ապրանքների գնի աճի հետ, ես հասկանում եմ, բայց ամբողջ աշխարհում է դա տեղի ունենում: Եվ անհամեմատ ավելի շատ կթանկական գները այն երկրներում, որտեղ գազի գինը 4 անգամ գրեթե բարձր է»,- ասաց Մհեր Գրիգորյանը:

Lragir.am,
19-01-2022 17:36