Թալինի, Անիի, Արթիկի, Ախուրյանի, Աշոցքի, Հրազդանի, Սևանի, Սիսիանի տարածաշրջաններում և Ստեփանավանի ոլորաններոմ հունվարի 19-ի ժամը 17:00-ի դրությամբ ձյուն է տեղում: Այս մասին հաղորդագրություն է տարածել «Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամը: Հաղորդագրության մեջ նաև նշվում է, որ Քուչակ-Նիգավան, Ռյա Թազա-Ջամշլու, Ալագյազ-Ծաղկահովիտ ճանապարհահատվածներում և Սպիտակի ոլորանների վերին հատվածում բուք է: Ստեփանավանի ոլորաններում տեղ-տեղ մերկասառույց է: Վարդենյաց լեռնանցքն անցանելի է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար, իսկ ծանրաքաշ և կցորդով տրանսպորտային միջոցների համար դժվարանցանելի է: Ծանրաքաշ և կցորդով տրանսպորտային միջոցների վարորդներին խորհուրդ է տրվում կիրառել անվաշղթաներ: Ճանապարհաշինարարներն ավտոճանապարհներին իրականացնում են մաքրման և աղ-ավազով մշակման աշխատանքներ: Միջպետական և հանրապետական նշանակության բոլոր ավտոճանապարհները բաց են: