Հայ-թուրքական հարաբերությունների հաստատման հարցում որևէ նախապայման չկա․ Արարատ Միրզոյան

19-01-2022 17:51

Հայ-թուրքական հարաբերությունների հաստատման հարցում որևէ նախապայման չկա: Այս մասին ԱԺ-կառավարություն հարց ու պատասխանի ժամանակ ասաց արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը: «Մենք հիշում ենք, որ նախքան հունվարի 14-ի հանդիպումը մեդիա դաշտում ինչպիսի փոթորիկ էր, թե՝ ահա, ՀՀ կառավարությունը որոշակի գաղտնի նախապայմաններով ինչ-որ գաղտնի գործընթացի մեջ է մտնում: Հուսամ՝ արդեն հանդիպումից հետո հրապարակված հաղորդագրությունով, որը գրեթե նույնական էր թուրքական կողմի տված հաղորդագրության հետ, հաստատվեց՝ որևէ նախապայման գործընթացն սկսելու և կամ այդ գործընթացն ավարտին հասցնելու, Հայաստան-Թուրքիա հարաբերությունները կարգավորելու համար հայկական կողմից չի դրվել, թուրքական կողմից չին դրվել: Գործընթացը մեկնարկել է, առաջին հանդիպումը ճանաչողական բնույթ է ունեցել: Եվ հերթական անգամ տեսանք, որ որևէ նախապայման չկա»,- ասաց Արարատ Միրզոյանը: Անդրադառնալով այն մեկնաբանություններին, որ Թուրքիան որևէ փուլում հայ-թուրքական հարաբերությունների կարգավորումը կարող է կապել, այսպես կոչված, միջանցքային տրամաբանության հետ, ԱԳ նախարարն ասաց․ «Իսկապես, մենք տեսանք մի քանի հրապարակումներ թուրքական փորձագիտական շրջանակներից այն մասին, որ այդ հարցն իսկապես արծարծել են՝ միջանցքի տրամադրումը: Այստեղ կրկին մեր դիրքորոշումը վաղուց և բազմիցս հայտնվել է՝ մենք միջանցքային որևէ տրամաբանության չենք համաձայնելու, մեզ համար դա անընդունելի է: Մենք կողմ ենք տարածաշրջանային կոմունիկացիաների ապաշրջափակմանը և գիտակցում ենք, որ այդ ապաշրջափակման արդյունքներով ինչպես Հայաստանն է երկաթուղային ու ավտոմոբիլային ճանապարհներ ստանալու Ադրբեջանի տարածքով, իսկ ահա հայ-թուրքական սահմանի բացման դեպքում՝ նաև Թուրքիայի տարածքով, այնպես էլ Թուրքիան ու Ադրբեջանը պետք է կարողանան օգտվել հայաստանյան ճանապարհներից: Այստեղ կարևորն այն է, որ որևէ ճանապարհ, որից կօգտվի երրորդ կողմը, պետք է լինի այն երկրի սուվերենության և օրենսդրության տակ, որի տարածքով անցնում է, այն է՝ ՀՀ տարածքով որևէ միջանցք չի կարող լինել: Չի կարող լինել նաև այն պատճառով, որ նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության մեջ կա միայն մի միջանցք, դա բոլորիդ հայտնի Լաչինի միջանցքն է: Մնացած բոլոր ճանապարհների մասին խոսվում է որպես ճանապարհներ»:

Lragir.am,
19-01-2022 17:51