Վատագույնն, ինչ կարող էր անել, Հայոց ցեղասպանության վերաբերյալ իմ պնդումները կրկնելու փոխարեն Օմեգային ամբիոնի մոտ ուղարկելն էր․ Աննա Մկրտչյան

19-01-2022 18:16

ԱԺ-կառավարություն հարց ու պատասխանի ժամանակ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Աննա Մկրտչյանը դիմեց վարչապետ Նիկոլ Փաշինյանին՝ հիշեցնելով նրա ավելի վաղ արած հայտարարությունները․ «Օսմանյան կայսրության և Թուրքիայի տարբեր վարչակարգերի կողմից ծրագրվել և իրականացվել է հայ ժողովրդի ցեղասպանությունը: Հայաստանը և հայ ժողովուրդը շարունակելու են պայքարը ցեղասպանության հետևանքների հաղթահարման համար, իրավական պահանջների գործընթացը՝ ուղղված Թուրքիայի դեմ՝ որպես Օսմանյան պետության իրավահաջորդի: Հայաստանը դատապարտում է Թուրքիայի՝ Հայոց ցեղասպանության ժխտումը, Հայոց ցեղասպանության ճանաչումից, դատապարտումից ու պատմական հատուցումից հետո է միայն սկիզբ դրվելու հայ և թուրք ժողովուրդների պատմական հաշտեցմանը: Ես կարծում եմ՝ որևէ մեկիս համար խնդիր չէ սա բարձրաձայնել, և ուզում եմ վստահեցնել, որ վարչապետի աթոռին նստած անձի համար այդ բարձրաձայնումները ևս խնդիր չեն: Ավելին, «Արցախը Հայաստան է, և վերջ» ձևակերպումն էլ հենց արվել է վարչապետի պաշտոնը զբաղեցնող անձի կողմից: Հետևաբար, ձևակերպեմ հարցս՝ էս նախադասությունները, որոնք մեր միասնական կամքն են արտահայտում, կարո՞ղ են հնչեցվել վարչապետի աթոռը զբաղեցնող անձի կողմից, նաև իր կողմից տված բանաձևումը՝ «Արցախը Հայաստան է, և վերջ»: Ամբիոնին իր չմոտենալը ևս կդիտարկվի այս նախադասությունները կրկնելուց խուսափել»: Հարցին պատասխանեց արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը, ով ասաց․ «Ուզում եմ մեր ընդդիմադիր գործընկերներին խորհուրդ տալ վերընթերցել ՀՀ կառավարության ծրագիրը: Այնտեղ սևով սպիտակի վրա գրված է ՀՀ կառավարության դիրքորոշումը Հայոց ցեղասպանության շուրջ: Հույս ունեմ, որ երբևէ և պարագայում էլ Հայաստանի որևէ իշխանություն որևէ փորձ անգամ չի անի կասկածի տակ դնել Հայոց ցեղասպանության պատմական փաստ լինելու հանգամանքը»: Աննա Մկրտչյանն արձագանքեց․ «Ես արդեն ասացի, որ վարչապետի հաստիքատիրոջ չմոտենալն ամբիոնին կդիտարկվի ուղղակի իմ կողմից մեջբերված նախադասությունները չկրկնել, ինչն ուղղակի արձանագրենք: Վատագույնն, ինչ կարող էր անել, Հայոց ցեղասպանության վերաբերյալ իմ պնդումները կրկնելու փոխարեն Օմեգային ամբիոնի մոտ ուղարկելն էր»: Արարատ Միրզոյանն ի պատասխան ասաց․ «Դժվար է արձագանքել սույն բառակույտին՝ առանց անցնելու քաղաքավարության սահմանները: Շատ սահմաններ չեմ կարող անցնել, կարող եմ ուղղակի խորհուրդ տալ բարևել Նարիմանովին, տիկին Մկրտչյան»:

Lragir.am,
19-01-2022 18:16