Ստոկհոլմում տեղի է ունեցել ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի և Թուրքիայի ԱԳ նախարար Չավուշօղլուի հանդիպումը: ԱԺ-կառավարություն հարց ու պատասխանի ժամանակ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Հայկ Մամիջանյանը հարցրեց Արարատ Միրզոյանին․ «Կուզենայի հասկանալ, թե ինչո՞ւ են այդ հանդիպման մանրամասները գաղտնի պահվում, և ի՞նչ է տեղի ունեցել այդ հանդիպման ժամանակ»: Արարատ Միրզոյանն ասաց․ «Մենք հանդիպել ենք ոչ թե պաշտոնական հանդիպման ֆորմատով, այսինքն՝ պաշտոնական հանդիպման մասին չէ խոսքը, մենք ուղղակի մի սենյակից մյուս սենյակ, որտեղ պետք է տեղի ունենար պաշտոնական նիստը, այդ երկու սրահները կապող միջանցքում կողք կողքի ենք քայլել: Եվ մեր խոսակցությունը մոտավորապես եղել է այսպես՝ բարև Ձեզ, բարև Ձեզ: Ուրախ եմ ծանոթանալ, ուրախ եմ ծանոթանալ: Մենք տրամադրված ենք կարգավորմանը, մենք էլ ենք տրամադրված կարգավորմանը: Էդ դեպքում նշանակեք ներկայացուցիչ, հենց որ գնանք տուն, անմիջապես կնշանակենք ներկայացուցիչ և կսկսենք գործընթացը: Կարծում եմ՝ սա լավ խոսակցություն է, և ազդակներն էլ կարծես թե դրական են: Համենայնդեպս, գաղտնի հադիպման մասին խոսք չկա, և քանի որ պաշտոնական հանդիպում չէր, ըստ այդմ էլ հաղորդագրություն չկա»: