«ԵՊՀ-ն իմ հոգում մեծ հետք է թողել, բայց գրպանումս ոչ մի հետք չի թողել»․ Փաշինյան-Ղազինյան «բանավեճ»

19-01-2022 19:10

ԱԺ-կառավարություն հարց ու պատասխանի ժամանակ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Ղազինյանը նախ մեջբերեց Մոնթե Մելքոնյանի խոսքերը, ապա հարցրեց վարչապետ Նիկոլ Փաշինյանին․ «Առանց Արցախ Հայաստան չկա խոսքի հեղինակը, որը Նիկոլ Փաշինյանն է, 2021 թվականի նոյեմբերի 22-ին հայտարարեց, որ Արցախը մեզ համար ոչ թե տարածք է, այլ իրավունք: Ես իրականում ուզում եմ պնդել և հավատալ նրան, որ այս խոսքը արվել է Արցախի ժողովրդի՝ իր պատմական հայրենիքում ինքնորոշման իրավունքի իրացման կոնտեքստում: Եվ կխնդրեմ, որ նախ պարոն Փաշինյանը հաստատի առանց Արցախ Հայաստան չկա իր դիրքորոշումը և ապա Արցախի ժողովրդի՝ իր պատմական հայրենիքում ինքնորոշման իրավունքի իրացման կոնտեքստում արված հայտարարությունը»: Ի պատասխան վարչապետ Նիկոլ Փաշինյանն ասաց․ «Կարձանագրեմ, որ համենայնդեպս Մոնթե Մելքոնյանն այնքան խելացի չի գտնվել, որ Երևանի պետական համալսարանի տակ ծվարած կաշառքներ հավաքելով՝ միլիոնատեր դառնա: Եվ շատ մեծ ժառանգություն է թողել, որպեսզի ոմանք ԵՊՀ ֆակուլտետների պատերից մեկի տակ ծվարելով՝ 5, 10, 15, 20 հազար, երբեմն ավելի շատ դոլար կաշառքներ հավաքելով՝ միլիոնատեր դառնան: Ինչ վերաբերում է ձեր ընդհանրապես գործելակերպին, ուրեմն մենք մեր ասելիքն ասում ենք, այստեղ բան չէ, որ՝ էս նախադասությունը կարա՞ք կրկնեք, էն նախադասությունը կարա՞ք կրկնեք: Մենք ասում ենք էն, ինչ նպատակահարմար ենք գտնում: Եվ էն, ինչ ասել ենք, կառավարության ծրագրում գրված է, բացեք կարդացեք: Եթե հիշողության հետ կապված խնդիր ունեք, անգիր արեք: Եվ մեզ չասեք՝ էս նախադասությունը կարաք ասեք, թե չեք կարա ասեք: Մենք կարող ենք բազմաթիվ նախադասություններ ասել, որից ձեր ունքերը կբարձրանան: Այնպես որ, այն, ինչ ունենք ասելու, գրված է կառավարության ծրագրում»: «Ես հասկանում եմ, որ համալսարանի անունը ձեզ մոտ թողել է խորը հետք և առաջացնում է որոշակի ոչ հաճելի ասոցիացիաներ: Բայց չեմ ցանկանա խորանալ պատի տակի բամբասանքների մեջ, սպիտակ-դեղին պատի թերթերի տեղեկությունների: Եթե կան փաստեր, ապա գիտեք հնարավորությունը և կարողանում եք հրամանը տալ, և ուղղությունը, և հրահանգավորել, ամեն ինչի ձևը գիտեք, խնդրեմ, զբաղվեք: Հիմա դուք հրաժարվո՞ւմ եք հաստատել, որ առանց Արցախ Հայաստան չկա, որ Արցախը եղել է, կա ու մնալու է հայկական»,- ասաց Արթուր Ղազինյանը: Նիկոլ Փաշինյանն ասաց, որ ՀՀ կառավարության ու վարչապետի դիրքորոշումներն արտահայտված են ՀՀ կառավարության ծրագրում, վարչապետի ելույթներում: «ՀՀ վարչապետը ձեր պասի կարիքը չունի, որպեսզի ինչ-որ բան հայտարարի կամ չհայտարարի: Ինչ վերաբերում է փաստերին, փաստերով պետք է զբաղվեն իրավապահ մարմինները: Եթե կան, թող զբաղվեն, եթե չկան, թող չզբաղվեն: Իսկ ԵՊՀ-ն իմ հոգում մեծ հետք է թողել, բայց գրպանումս ոչ մի հետք չի թողել»:

Lragir.am,
19-01-2022 19:10