Քանի որ Հայաստանը ստանձնել է ՀԱՊԿ ղեկավարումը, քայլեր իրականացվե՞լ են ադրբեջանական զինված ուժերին Հայաստանի տարածքից դուրս շպրտելու ուղղությամբ

19-01-2022 19:14

ԱԺ-կառավարություն հարց ու պատասխանի ժամանակ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արծվիկ Մինասյանը հարցրեց․ «ՀԱՊԿ համակարգը բավական ակտիվ աշխատեց ղազախստանյան դեպքերի կապակցությամբ: Կառավարության ծրագրում հստակ է նշված, որ ստանձնելով ՀԱՊԿ նախագահությունը՝ Հայաստանը փորձելո՞ւ է իր առաջնահերթությունն իրականացնել՝ ապահովելով իր անդամ պետությունների անվտանգությունը: Քանի որ Հայաստանը ստանձնել է ՀԱՊԿ ղեկավարման պարտականությունը, արդյոք քայլեր իրականացվե՞լ են ադրբեջանական զինված ուժերի՝ Հայաստան ներխուժումը կասեցնելու, նրանց Հայաստանի տարածքից դուրս շպրտելու ուղղությամբ»: Ի պատասխան Արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանն ասաց․ «Ադրբեջանական զորքերի՝ Հայաստանի սուվերեն տարածքում խորացման կամ սուվերեն տարածք ներթափանցման փորձերի կանխման համար գործադրված են ՀԱՊԿ և երկկողմ այլ մեխանիզմներ, քան անմիջական զինվորական միջամտությունն է: Եվ դուրսբերման ուղղությամբ ևս աշխատանքները տարվում են և ենթակա են լուծման՝ մինչև կամ սահմանազատման հանձնաժողովի աշխատանքների ընթացքում»:

Lragir.am,
19-01-2022 19:14