Մեր թշնամուն ՀԱՊԿ-ն է զինում, մեր թշնամուն ՀԱՊԿ-ն է աջակցում ամենաշատը․ պատգամավորը հիշեցրեց վարչապետի հայտարարությունը

19-01-2022 19:44

ԱԺ-կառավարություն հարց ու պատասխանի ժամանակ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Ագնեսա Խամոյանը հիշեցրեց վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ ավելի վաղ արված հայտարարությունը ՀԱՊԿ մասին: «Հենց հարձակումը սկսվում է, պարզվում է, որ չէ, ՀԱՊԿ-ի պայմանագիրը էդ դեպքի համար չէ: Մեր թշնամուն ՀԱՊԿ-ն է զինում, մեր թշնամուն ՀԱՊԿ-ն է աջակցում ամենաշատը, Ղազախստանն ու Բելառուսը դրա ամենատիպիկ օրինակն են: Մենք մեր նախընտրական ծրագրում դրա համար գրել ենք, որ հստակեցում մտցվի՝ ի՞նչ պարտավորություններ ունենք ՀԱՊԿ շրջանակներում: Իրականում էդ ՀԱՊԿ-ն ի՞նչ է, մի հատ հասկանանք` դա մեզ օգուտ ա, թե վնաս: Եվ այս առումով շատ կարևոր է, որ ՀՀ-ն անվտանգության ոլորտում նախ պարզաբանի Ղազախստանը մեր նկատմամբ ին պարտավորություն ունի, մենք Ղազախստանի նկատմամբ՝ ինչ: Եվ հետո անվտանգության ոլորտում այլընտրանքներ, այո, պետք է փնտրվի»,- ասել էր Փաշինյանը՝ նախքան վարչապետ լինելը: Ագնեսա Խամոյանը հարցրեց․ «Մենք Ղազախստանի նկատմամբ ի՞նչ պարտավորություններ ունենք ի վերջո, որ հայ զինվորը գնացել էր ներքաղաքական իրավիճակը հանգուցալուծելու»: Ի պատասխան Նիկոլ Փաշինյանն ասաց․ «Դուք ճշգրիտ ըստ էության հրապարակեցիք այն օրակարգը, որը ես ՀՀ վարչապետի պաշտոնն ստանձնելով՝ քննարկել եմ ՀԱՊԿ-ում: Իհարկե, մի քիչ այլ բառապաշարով, այլ տոնայնությամբ, այլ դեմքի արտահայտությամբ, այլ կարգավիճակով: Մենք ասել ենք, որ ՀԱՊԿ-ում մեր առաջնահերթությունը ՀԱՊԿ արագ արձագանքման, ճգնաժամային իրավիճակներին արձագանքման մեխանիզմների կատարելագործումն է, որպեսզի հասկանանք՝ այդտեղ աշխատող մեխանիզմ կա, թե՞ չկա: Երբ ասվում է՝ ՀԱՊԿ-ին ինչի՞ չենք դիմել, էս ամբիոնից հայտարարվել է այդ ամենի մասին, պետք չէ հանրահայտ փաստերի մասին անընդհատ հարցեր տալ»: Նիկոլ Փաշինյանը հավելեց․ «Այդ ձայնագրության մեջ նշված ամեն ինչը հնչել է ՀԱՊԿ աշխատանքային մակարդակով: Եվ երբ եկել է պահը, երբ մենք պիտի գործողություն ձեռնարկենք մեր ամբողջ օրակարգի վերաբերյալ, այո, ես կայացրել եմ որոշում, իհարկե, ՀԱՊԿ մեր մյուս գործընկերների հետ: Եվ առաջին անգամ ՀԱՊԿ պատմության մեջ գործել է արագ արձագանքման մեխանիզմ: Լա՞վ է սա Հայաստանի շահերի համար, թե՞ վատ: Իհարկե, լավ է: Արդյոք սրանով բոլոր հարցերի պատասխանները տրվա՞ծ են, ոչ, տրված չեն»: Ըստ Նիկոլ Փաշինյանի՝ երբ ընդդիմադիրներն ասում են՝ ՀՀ տարածքից 40 քառակուսի կմ տարածք կորցրել ենք, նախկինում 70-ից ավելի քառակուսի կմ տարածք եղել է և մինչև այսօր էլ շարունակում է մնալ ոչ մեր հսկողության տակ: «Բա ինչի՞ նախկինում ՀԱՊԿ-ին չեն դիմել էդ հարցերով»,- հավելեց նա: Ըստ Փաշինյանի՝ ՀԱՊԿ կանոնադրության մեջ գրված է, որ ՀԱՊԿ-ը առաջին հերթին գործողությունները ձեռնարկում է քաղաքական-դիվանագիտական մեթոդներով: ՀԱՊԿ-ը բանակ չէ, առաջին հերթին ռազմաքաղաքական կազմակերպություն է:

Lragir.am,
19-01-2022 19:44