Ինչո՞ւ 8 ամսվա ընթացքում դիմում չի ներկայացվել ՀԱՊԿ-ին․ Արամ Վարդեւանյանի հարցը կառավարությանը

19-01-2022 19:40

ԱԺ նիստում «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արամ Վարդևանյանը հարցրեց կառավարության անդամներին․ «ՀԱՊԿ 4-րդ հոդվածը սահմանում է, որ ցանկացած ագրեսիա ՀԱՊԿ անդամ պետության դեմ դիտարկվում է որպես դրանցից յուրաքանչյուր դեմ ագրեսիա: Որպեսզի ութ ամիս շարունակ տևող Հայաստանի սուվերեն տարածքի խաթարումը վերացվի, դա ՀՀ մեկ դիմումն է ՀԱՊԿ-ին, այն նույն կազմակերպությանը, որի վերաբերյալ Անվտանգության խորհրդի քարտուղարն ասում էր, որ առաջին անգամ հենց իրենք աշխատեցրել են: Հարցս հետևյալն է՝ ինչի՞ համար 8 ամսվա ընթացքում այդպիսի դիմում չի ներկայացվել»: Արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանն ի պատասխան ասաց․ «Ի վերջո ՀԱՊԿ-ը դա կազմակերպություն է, բանակ չէ: Եվ ՀԱՊԿ կանոնադրությունը եթե նայեք, նման դեպքերում, երբ անհրաժեշտություն է առաջանում դաշնակիցների միջամտության, առաջին հերթին գործի են դրվում քաղաքական մեխանիզմները: Եվ միայն դրանց անհնարինության դեպքում արդեն նախատեսված են խորհրդակցություններ և գետնի վրա միջամտություն: Այս դեպքում, ահա, մենք մինչ այժմ կիրառել ենք և առաջիկայում էլ հույս ունենք՝ այս գործիքակազմը կիրառելով խնդրի լուծմանը կհասնենք: Եթե հարկ լինի 4-րդ հոդվածքով պաշտոնապես դիմելու, կառավարությունն այդպիսի որոշում կկայացնի»:

Lragir.am,
19-01-2022 19:40