Քարտեզի վրա միայն մենք, Արցախն ու Ադրբեջանը չենք, հզոր պետություններ կան, որոնք շահեր ունեն, որ հակադրվում են իրար․ Արարատ Միրզոյան

19-01-2022 20:02

Ազգայինն ժողով-կառավարություն հարց ու պատասխանի ժամանակ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Աննա Գրիգորյանը հարցրեց Արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանին․ «Սոչիի հանդիպումից հետո ՌԴ նախագահն ասում էր, որ մինչև 2021 թվականի վերջ արդեն պետք է հրապարակվեին դելիմիտացիայի մեխանիզմները: Տարին ավարտվել է, 2022 թվականն է սկսվել, դեռևս հրապարակված չեն այդ մեխանիզմները: Պետք է հասկանալ, թե ի՞նչն է խոչընդոտել, որ նախորդ տարվա վերջին չեն հրապարակվել այդ մեխանիզմները: Նոր առաջարկը սկզբունքային առումով ի՞նչ կետեր է իր մեջ պարունակում, կոնկրետ ի՞նչ քարտեզներ են դրված սեղանին, որ թվականի քարտեզներ, և արդյոք այդ առաջարկի մեջ ներառված է Ադրբեջանի տարածքային ամբողջականության ճանաչման կետը»: Արարատ Միրզոյանն ի պատասխան ասաց․ «Ես այսօր ասացի, որ մենք ներկայացրել ենք առաջարկներ, դրանք որոշակիորեն նոր առաջարկներ են: Իսկ թե ինչով են տարբերվում հին առաջարկներից, թույլ տվեք այս պահին չասեմ: Եվ ընդհանրապես ուզում եմ մի այսպիսի դիտարկում անել, որովհետև դատողություններ են հնչում, օրինակ, այլ երկրների անուններ եք տալիս, կազմակերպությունների՝ այս կամ այն երկրներում միջամտության հարցեր եք քննարկում: Ես ուզում եմ առաջարկել այսպիսի իրավճակներում շատ սև-սպիտակ չդատել, որովհետև քարտեզի վրա միայն մենք, Արցախն ու Ադրբեջանը չենք: Կան բազմաթիվ շատ մեծ քանակով պետություններ, որոնց մի մասն ունեն շատ հզոր տնտեսություն և հզոր բանակներ: Դրանք բոլորն ունեն շահեր, մի մասն ունեն շահեր, որոնք հակադրվում են իրար, մի մասն ունեն շահեր, որոնք ինչ-որ հանգամանքներում զուգահեռվում են կամ համընկնում են: Եվ որևէ աշխարհաքաղաքական իրողություն պետք է հաշվի առնել այդ մեծ զարգացումների համատեքստում, հատկապես, որ այդ զարգացումները ոչ միայն շատ սրընթաց են, այլ նաև վտանգավոր ոչ միայն մեր, այլ շատ ավելի լայն տարածաշրջանի ու աշխարհի համար»:

Lragir.am,
19-01-2022 20:02