Առաջիկայում Պարեկային ոստիկանության ծառայությունը կներդրվի նաև Շիրակի ու Լոռու մարզերում, կառավարության այսօրվա նիստում ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը: «Պետք է արձանագրել, որ գործընթացը հարթ չի ընթանում՝ սկսած գնումների գործընթացում առաջացած բարդություններից, վերջացրած նրանով, որ ավտոմեքենաների շուկայում պրոբլեմներ կան: Բայց մենք հետևողականորեն գնալու ենք առաջ: Եվ ես ուզում եմ նաև շնորհակալություն հայտնել մեր միջազգային գործընկերներին, ովքեր աջակցել են գործընթացին, մասնավորապես, Եվրամիությանը և ԱՄՆ կառավարությանը: Ես հույս ունեմ, որ մենք հաջողությամբ այս գործընթացը մինչև վերջ կտանենք»,- ասաց Նիկոլ Փաշինյանը: Ըստ նրա՝ քննարկվում է հարցը՝ ինչպես մեծացնել Պարեկային ոտսիկանության խտությունը, որպեսզի պարեկային ոստիկանները որոշակի ժամերի նաև բակեր մտնեն: Ըստ Փաշինյանի՝ պարեկային ոստիկանության աննշան վերաձևակերպման օգնությամբ հնարավոր կլինի բնակարանային գողությունների կանխարգելման հզոր մեխանիզմ գործարկել: Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ասաց, որ Պարեկային ոստիկանության ներդրման արդյունքում ծառայությունների որակն էապես բարելավվել է: «Այն ձևով, որով այսօր այդ ծառայությունը կազմակերպված է, ունի լրջագույն չերևացող կանխարգելիչ գործունեություն: Այսինքն՝ կա ծառայության որակ, որը ռեալ զսպում է հանրային տիրույթում գոյություն ունեցող ռիսկեր: Մարդիկ ինչ-որ բան անելուց առաջ մտածում են մեկ կամ երեք րոպե հետո այդտեղ հայտնվելու են իրավապահ մարմինների ծառայողներ՝ բոլոր հետևանքներով հանդերձ»,- ասաց փոխվարչապետը: