Ռոսատոմը և Հայաստանը համաձայնագիր են ստորագրել նոր ատոմային էներգաբլոկների կառուցման ոլորտում համագործակցության վերաբերյալ

20-01-2022 17:58

Դուբայում՝ Համաշխարհային Էքսպո 2020 ցուցահանդեսի շրջանակում, որտեղ 2022 թվականի հունվարի 20-ին անցկացվում էր ՓՀԱԿ-ի (փոքր հզորության ատոմային կայանների) ռուսական օրը, «Ռոսատոմ» պետական ​​կորպորացիան և Հայկական ատոմային էլեկտրակայանի ղեկավարությունը ստորագրեցին Հայաստանի Հանրապետության տարածքում ռուսական դիզայնով նոր ատոմային էներգաբլոկների կառուցման հնարավոր համագործակցության ուսումնասիրման համար փոխըմբռնման հուշագիր: Պայմանագիրը ստորագրել են «Ռուսատոմ օվերսիզ» ԲԸ-ի  («Ռոսատոմ» պետկորպորացիայի մաս է կազմում) նախագահ Եվգենի Պաքերմանովը և «Հայկական Ատոմային էլեկտրակայան» ՓԲԸ (Հայկական ԱԷԿ) գլխավոր տնօրեն Էդուարդ Մարտիրոսյանը: Կողմերը Հայկական ԱԷԿ-ի հարթակում ռուսական նախագծով նոր ատոմային էներգաբլոկների կառուցման հնարավորությունը ուսումնասիրելու ուղղությամբ համագործակցության պատրաստակամություն են հայտնել: «Ռուսական ժամանակակից միջուկային տեխնոլոգիաների օգտագործումը աշխարհի շատ երկրներում կայուն էներգիայի մատակարարման անբաժանելի մասն է: Համոզված եմ, որ նոր ատոմային էներգաբլոկների կառուցման ուղղությամբ հետագա համագործակցությունը կարևոր գործոն կլինի ոչ միայն տնտեսության զարգացման և Հայաստանի Հանրապետության բարօրության աճի, այլև մեր երկու երկրների միջեւ ամուր բարիդրացիական հարաբերությունների հետագա զարգացման համար», – ասել է «Ռուսատոմ օվերսիզ» ԲԸ նախագահ Եվգենի Պաքերմանովը: «Հայաստանն ուշադիր հետևում է ապակարբոնացման և ժամանակակից տեխնոլոգիաների զարգացման ոլորտում համաշխարհային միտումներին: Հայաստանում միակը՝ Հայկական ԱԷԿ-ը արտադրում է երկրի ողջ էլեկտրաէներգիայի շուրջ 40%-ը և 1977 թվականից հանդիսանում է էներգիայի մաքուր և հուսալի աղբյուր: Կայանի շահագործման ժամկետը լրանալուց հետո մենք ցանկանում ենք շարունակել երկրի էներգետիկ հաշվեկշռում ունենալ ատոմային էներգիա, ուստի առաջին հերթին դիտարկում ենք ռուսական ժամանակակից միջուկային տեխնոլոգիաները, որոնք առաջադեմ են աշխարհում», – ասաց «ՀԱԷԿ» ՓԲԸ գլխավոր տնօրեն Էդուարդ Մարտիրոսյանը:

Lragir.am,
20-01-2022 17:58