Հայկական Softr ստարտափը ներգրավել է 13,5 մլն դոլարի ներդրում

20-01-2022 18:09

Հայկական Softr ստարտափը Ա սերիայի շրջանակներում ներգրավել է 13,5 մլն դոլարի ներդրում: Ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, ստարտափի հիմնադիրներն են Մարիամ Հակոբյանը և Արթուր Մկրտչյանը: Հիմնական թիմը (ծրագրավորողները, դիզայներներ և այլն) գտնվում է Հայաստանում: Softr ընկերության համահիմնադիր Արթուր Մկրտչյանի խոսքով՝ նախատեսում են միջոցներն օգտագործել no-code հավելվածներ ստեղծելով: «Հայաստանում 2022 թվականին մենք կկրկնապատկենք թիմը, ակտիվորեն կհավաքագրենք մասնագետների: Դա հեշտ չի լինի, քանի որ ՏՏ ոլորտի մասնագետների շուկան Հայաստանում փոքր է, և կան բազմաթիվ ընկերություններ, որոնք պայքարում են լավագույն մասնագետներին իրենց ընկերությունում տեսնելու համար»,- նշեց ընկերության համահիմնադիրը: Որպեսզի Հայաստանը դառնա աշխարհի տեխնոլոգիական կենտրոններից մեկը և ճանաչվի որպես համաշխարհային ընկերություն կառուցելու լավագույն վայրը, Մկրտչյանը կարծում է, որ պետք է փոխվի մտածելակերպը հայ տեխնոլոգիական համայնքում: Նրա կարծիքով՝ ավելի լավ է ունենալ հարյուրավոր ստարտափներ՝ ավելի քիչ աշխատողներով, քան հարյուրավոր աշխատողներով քիչ ընկերություններ: «Մենք կազմակերպում ենք ծրագրավորման դասընթացներ փոքր խմբերի համար, ովքեր տուժել են 2020 թվականին տեղի ունեցած ծանր իրադարձություններից: Առաջիկա մի քանի ամիսների ընթացքում ծրագրավորողների առաջին խումբը կավարտվի ուսումը: Ոգևորված ենք շարունակել դասընթացների ծրագիրը»,- նշեց ընկերության համահիմնադիրը:

Lragir.am,
20-01-2022 18:09