Իր տարօրինակ հակումների արանքում ՌԴ ԱԳՆ խոսնակը չի մոռանում հակահայ երգը

20-01-2022 18:14

ՌԴ ԱԳՆ անկրկնելի խոսնակ Մարիա Զախարովան, ըստ ռուսական ինսայդերական աղբյուրների, բավական տարօրինակ սովորություններ ու հակումներ ունի, որոնց պատճառով հաճախակի սկանդալային իրավիճակների մեջ է ընկնում, այդ թվում դիվանագիտական ոլորտում: Զախարովան միակը չէ, Պուտինյան իսթեբլիշմենտի բարձր ներկայացուցիչների վարքի ու հակումների մասին պարզապես առասպելներ են շրջում: Ինքը Պուտինը նույնպես զերծ չէ դրանցից, մասնավորապես՝ շամանիստական սեւ ծեսերի հակումներից: Երկար տարիներ չթարմացող, անսահման հարստություն կուտակած եւ իրենց ամենազոր զգացող ռեժիմներին հատուկ է դա՝ նոր եւ սուր զգացողություններ: Բայց թե Պուտինը, թե Լավրովը, թե նրանց խոսնակներն այդ տարօրինակ հակումների արանքում չեն մոռանում ամենակարեւորը՝ Հայաստանի դեմ կիրառվող ծրագիրը: Պուտինյան ռեժիմը պատրաստ է Ռուսաստանն էլ հանձնել (մոտ ապագայում դա էլ իրականություն կդառնա), բայց Հայաստանի դեմ ծրագրերն անփոփոխ են: Իր վերջին ասուլիսում Մարիա Զախարովան ասել է, որ Ռուսաստանը, որպես ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ, աջակցում է եռանախագահողների աշխատանքի շարունակմանը՝ նրանց մանդատի համաձայն: Եվ արագորեն ավելացրել, որ պայմանով՝ մյուս համանախագահները պետք է հաշվի առնեն պատերազմից հետո ստեղծված իրողությունները եւ նախեւառաջ զբաղվեն հումանիտար հարցերով: Զախարովան այսպես է պատասխանել հայ լրագրողի այն հարցին, թե ինչ կարծիք ունի Ալիեւի հայտարարության մասին, ըստ որի՝ Ադրբեջանը թույլ չի տալու Մինսկի խմբի համանախագահներին զբաղվել Ղարաբաղի հարցով, և արդյոք Մոսկվան նույնպես այն կարծիքին է, թե «Լեռնային Ղարաբաղի հարցը փակված է»: Զախարովան կրկնել է հակահայ երգը՝ ՄԽ-ում քաղաքական կարգավորումը եւ մասնավորապես Արցախի կարգավիճակի քննարկումը բացառվում է, իսկ «պատերազմից հետո ստեղծված իրողությունները հաշվի առնելը» նշանակում է, որ Արցախի հարցը փակված է: Հայաստանի դեմ Արցախում պատերազմն ու «հետպատերազմյա կարգավորումը» նախաձեռնել եւ իրականացնում է Մոսկվան, եւ այլ դիրքորոշում չի կարող լինել: Այս հարցում թե Զխարովան, թե մյուսները սթափ են ու հետեւողական:

Lragir.am,
20-01-2022 18:14