ՀՀ-ում ԱՄՆ դեսպան Լին Թրեյսին և բրիգադային գեներալ Էդվարդ Վոհնը մասնակցեցին շարժական հոսպիտալի համար նախատեսված 665.000 ԱՄՆ դոլար արժողությամբ բժշկական սարքավորումների նվիրատվության արարողությանը

20-01-2022 19:04

ՀՀ-ում ԱՄՆ դեսպան Լին Մ․ Թրեյսին և ԱՄՆ Եվրոպական հրամանատարության Պլանավորման, քաղաքականության, ռազմավարության ու պատրաստականության հարցերով տնօրենի տեղակալ, ԱՄՆ օդուժի բրիգադային գեներալ Էդվարդ Վոհնը 2022թ․ հունվարի 19-ին մասնակցեցին Կենտրոնական զինվորական հոսպիտալում տեղի ունեցած արարողությանը՝  հանձնելու շարժական հոսպիտալի համար նախատեսված 665.000 դոլար արժողությամբ բժշկական սարքավորումներ ԱՄՆ Գլոբալ խաղաղարար գործողությունների նախաձեռնության շրջանակում:  Սարքավորումները ներառում են դեֆիբրիլյատորներ, ռենտգեն սարքավորումներ, վրաններ, գեներատորներ, լույսեր և այլ պարագաներ: Իր խոսքում դեսպան Թրեյսին, ընդգծելով Հայաստանի ռազմաբժշկական անձնակազմի արիությունն ու նվիրվածությունը, նշեց․ «Դուք բուժում ու ամոքում եք ձեր ծառայակից զինվորներին՝ վեր դասելով նրանց ձեզնից: Հուսով ենք, որ այս սարքավորումները ձեզ կօգնեն մարդկանց կյանքը փրկելու ու նրանց կյանքը բարելավելու հարցում»: «Այս սարքավորումները Հայաստանի զինված ուժերին կօգնեն կյանքեր փրկել՝ ապահովելով հնարավոր լավագույն բուժօգնությունը զինծառայողներին, իսկ այս միջոցառումը մեկ անգամ ևս ի ցույց է դնում Միացյալ Նահանգների գործակցությունը մեր հայ գործընկերների հետ», – ասաց գեներալ Վոհնը: Այս միջոցառումը նշանավորում է Հայաստանի հետ մեր երկարամյա գործընկերության և Հայաստանի քաղաքացիաբժշկական, ռազմաբժշկական և աղետների արձագանքման կարողությունների մեծացմանն ուղղված մեր համատեղ ջանքերի  նոր գլուխը: Անցյալ տարվա ընթացքում, ի թիվս անվտանգային համագործակցության այլ նախաձեռնությունների, ԱՄՆ Եվրոպական հրամանատարությունը ՀՀ-ում ԱՄՆ դեսպանության Ռազմական համագործակցության գրասենյակի միջոցով կատարել է նաև կորոնավիրուսի դեմ պայքարի համար անհրաժեշտ պաշտպանական միջոցների և ախտորոշիչ բժշկական սարքավորումների  մեծաքանակ նվիրատվություններ հայաստանյան բուժհաստատություններին, կառուցել կամ վերանորոգել է մի շարք հրշեջ-փրկարարական կայաններ: Սարքավորումների հանձնման միջոցառմանը մասնակցելուց զատ՝ գեներալ Վոհնը նաև հանդիպումներ է ունեցել ՀՀ պաշտպանության և արտակարգ իրավիճակների նախարարությունների բարձրաստիճան պաշտոնյաների հետ՝ քննության առնելով հայ-ամերիկյան գործընկերությունն անվտանգության հարցերում: Այս մասին տեղեկացնում են ԱՄՆ դեսպանատնից:

Lragir.am,
20-01-2022 19:04