Հայաստանի ղեկավարները գործում են Հայաստանի շահերի դեմ․ սա հայերի դեմ նահանջի պարտադրանք է

Lragir.am-ի զրուցակիցն է «Մոդուս Վիվենդի» կենտրոնի ղեկավար Արա Պապյանը Պարոն Պապյան, պաշտոնյաները հայտարարում են, որ հայկական կողմը Բաքվին առաջարկությունների փաթեթ է փոխանցել՝ սահմանազատման-սահմանագծման վերաբերյալ: ԱԽ քարտուղարի ներկայացրած մանրամասների համաձայն՝ խոսքը մասնավորապես զորքերը հայելային հետ քաշելու առաջակի մասին է, որից հետո պետք է տեղի ունենա սահմանազատման գործընթաց: Հայաստանի դեպքում ի՞նչ վտանգներ կարող է առաջացնել զորքերի հետքաշումը: Դա նշանակում է, որ մենք մեր տարածքից դարձյալ հետ պետք է գնանք: Իսկ իրենք էլ էլի մեր տարածքից պետք է հետ գնան: Ադրբեջանը այս դեպքում շահող կողմ  է հանդես գալիս: Նոյեմբերի 9-ին ստորագրված այդ չարաբաստիկ հայտարարությունն ամեն առումով մեր շահերի դեմ էր, բայց սա ավելի վատ է: Ստացվում է, որ փոխանակ Ադրբեջանը պատժվի՝ սեփական պարտավորությունները չկատարելու և այդ փաստաթուղթը ոտնահարելու համար, և մենք այդ հարցը բարձրացնենք, մի բան էլ պարգևատրում ենք Ադրբեջանին: Ենթադրենք, մենք հայելային կերպով 2 կմ հետ գանք, պատկերացնո՞ւմ եք, սահմանի բերանին գտնվող քանի գյուղ է հայտնվելու այդ, այսպես կոչված, չեզոք գոտում: Եվ քանի ճանապարհ ու քանի գյուղի կենսունակությունն ապահովով հողատարածք է հայտնվելու այդ գոտում: Հիմնավորումն այն է, որ պետք է հետ գնալ ԽՍՀՄ ժամանակվա սահմաններ, սահմանապահ զորքեր պետք է տեղակայվեն սահմանի երկայնքով՝ հաշվի առնելով ԽՍՀՄ տարիներին գոյություն ունեցող քարտեզները: Նախ ասեմ, որ Ադրբեջանն արդեն իսկ բազմաթիվ տեղերում խախտել է, այսպես կոչված, ԽՍՀՄ սահմանները և գտնվում է նաև հայկական ԽՍՀ տարածքում: Երկրորդ, ԽՍՀՄ տարիներին Հայաստանի ու Ադրբեջանի միջև սահման չի եղել, սահման լինում է միայն սուվերեն պետությունների միջև, սահմանը դա սուվերենությունն իրարից տարանջատող գիծն է: ԽՍՀՄ տարիներին Հայաստանը, Ադրբեջանը, մյուս երկրները գտնվել են նույն սուվերեն տարածքում, մի պետության՝ ԽՍՀՄ տարածքում: Հետևաբար, ոչ մի սահման էլ չկա: Իսկ եթե մենք խոսում ենք միջպետական սահմանների մասին, ուրեմն պետք է վերադառնանք այն ժամանակաշրջանին, երբ և Ադրբեջանը, և Հայաստանն իսկապես եղել են սուվերեն երկրներ և իրենց սուվերենությունը ճանաչված է եղել տարբեր երկրների, այսինքն՝ միջազգային համայնքի կողմից: Պետք է հստակեցնենք, թե որոնք են այդ սահմանները և ըստ դրա կատարել դելիմիտացիայի ու դեմարկացիայի աշխատանքները: Բոլոր այդ մյուս առաջարկներն ուղղակի անհեթեթ առաջարկներ են, պարզապես պատերազմի սպառնալիքով հայերին պարտադրվող նահանջ է: Այսինքն՝ սա դասական վերջնագիր է, սա բանակցություն չէ: Գործընթացը ռուսական կողմի միջնորդությամբ է տեղի ունենում, այդ մասին նաև ՌԴ ԱԳ նախարարը խոսեց, սա ի՞նչ է փաստում: Այո, բազմիցս նշել ենք, որ տվյալ ժամանակաշրջանում Ռուսաստանի համար և Ադրբեջանը, և Թուրքիան շատ ավելի կարևոր են, քան Հայաստանը: Ինքը սեփական շահերի համար իրականացնում է այս քաղաքականությունը: Բայց դա դեռ չի նշանակում, որ մենք հանուն Ռուսաստանի պետք է զիջենք մեր կենսական անվտանգային շահերը: Ի վերջո, մենք Ղազախստան կամ Ռուսաստան չենք, որտեղ  անմարդաբնակ հարյուրավոր կիլոմետրեր կան, որ կարողանանք զիջել: Սա կոնկրետ անվտանգության հարց է, մարդու իրավունքների հարց է: Մենք մարդուն զրկում ենք ապրուստից, այդ դեպքում ինքն ի՞նչ պետք է անի, թողնելու է ու գնա իր բնակավայրից: Իսկ դա Ադրբեջանի ու Թուրքիայի հիմնական նպատակներից մեկն է՝ հայաթափ անել Հայաստանը, վերցնել ու մարսել այդ տարածքները: Իշխանության ներկայացուցիչները խոսում են 1975 թվականի քարտեզների մասին, ի՞նչ վտանգ է պարունակում այս քարտեզներով սահմանազատում իրականացնելը: 1975 թվականի քարտեզները շատ ավելի վատ քարտեզներ են, քան 1920-30-ական թվականների քարտեզները: Մենք գիտենք, դրա վերաբերյալ փաստեր կան, որ անգամ այդ վարչական միավորից՝ ԽՍՀ Հայաստանից 700-800 քառակուսի կիլոմետր տարածք, այն էլ կենսական կարևոր տարածքներ, տարիների ընթացքում փոխանցվել են Ադրբեջանին: Թե ինչո՞ւ են այսպես անում, ես կարող եմ ասել, որ Հայաստանի ղեկավարներն այսօր գործում են Հայաստանի շահերի դեմ: Ի՞նչն է իրենց շահագրգռությունը, սեփական աթոռը պահելու մարմա՞ջն է, թե՞ այլ շահագրգռություններ ունեն, բայց մի բան պարզ է, որ դա անընդունելի վարքագիծ է, որովհետև սահմանադրորեն իշխանությունը պարտավոր է երաշխավորել երկրի տարածքային ամբողջականությունը: Իսկ Սովետական Հայաստանի տարածքն անվիճելիորեն Հայաստանի տարածք է: Էլ չեմ ասում, որ եթե մենք վերադառնանք իսկապես միջազգային իրավունքին, ապա և Արցախը, և Նախիջևանը Հայաստանի տարածքներ են: Փոխանակ այդ հարցերը բարձրացնեն այսօր: Հիմա ասում են՝ սա անում են իբր պատերազմից խուսափելու համար: Ոչ, Ադրբեջանը դիրքավորվում է, որովհետև այս ամեն զիջումն իրեն դիրքավորման հնարավորություն է տալիս, և նախապատրաստվում է հարձակման: Իսկ ինքը պատրվակ կգտնի հարձակվելու, ինչ էլ ուզում եք արեք, միևնույն է, միշտ էլ կարող են ինչ-որ պրովոկացիա սարքել ու հայերին մեղադրել:

ՌՈԶԱ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ, Լրագրող
20-01-2022 22:15