Ֆլայ Արնայի բաժնետերերը նշանակել են ընկերության տնօրենների խորհրդի անդամներ և նախագահ

21-01-2022 11:12

Հայաստանի պետական հետաքրքրությունների ֆոնդի (ԱՆԻՖ) և Էյր Արաբիա ընկերության համատեղ «Ֆլայ Արնա Հայաստանի ազգային ավիաուղիներ» ավիաընկերությունը հայտարարում է տնօրենների խորհրդի անդամների և նախագահի նշանակման մասին: Ընկերության տնօրենների խորհուրդը բաղկացած է հետևյալ հինգ անդամներից, որոնցից յուրաքանչյուրը նշանակվում է երեք տարի ժամկետով․ Դավիթ Փափազյան՝ ԱՆԻՖ-ի գործադիր տնօրեն, Էդուարդ Մկրտչյան՝ ԱՆԻՖ-ի գործառնական տնօրեն, Ադել Ալի՝ Էյր Արաբիա ընկերության գլխավոր գործադիր տնօրեն, Հուսամ Ռայդան` Էյր Արաբիա ընկերության տնօրեն, Նիկո Բուշհոլց` փորձագետ, անկախ անդամ: Ֆլայ Արնայի խորհրդի նախագահ է նշանակվել ԱՆԻՖ-ի գործադիր տնօրեն Դավիթ Փափազյանը, ով ընկերության խորհուրդը կղեկավարի առաջիկա երեք տարիների ընթացքում: Նշենք, որ ընկերության խորհրդի նախագահը մշտապես կառաջադրվի ԱՆԻՖ-ի կողմից: Խորհրդի անդամները մեծ փորձ և առաջնորդական հմտություններ ունեն, նրանք ճանաչված են իրենց մասնագիտական ոլորտներում ունեցած ներդրումների համար: Նրանց միասնական հարուստ փորձը ֆինանսների, ավիացիայի և զբոսաշրջության ոլորտներում ուղեցույց է հանդիսանալու հուսալի գործունեություն իրականացնելու, արագ աճի հասնելու, հաճախորդների և բաժնետերերի համար երկարաժամկետ արժեք ստեղծելու՝ ընկերության  ռազմավարական նպատակներն իրականացնելու համար: Ֆլայ Արնայի բազան հանդիսանալու է Երևանի «Զվարթնոց» միջազգային օդանավակայանը: Ավիաընկերությունը գործելու է Էյր Արաբիա ընկերության բյուջետային հաջողված բիզնես մոդելին համահունչ, որն առաջարկում է ցածր գնի դիմաց հարմարավետություն և հուսալիություն: Ավելին իմանալու համար հետևեք Ֆլայ Արնայի սոցիալական էջերին:

Lragir.am,
21-01-2022 11:12