Սյունիքի համայնքապետերի պատասխանը վարչապետին ու ԱԳ նախարարին

Սյունիքում զարմանալի ու անտրամաբանական են որակում վարչապետի ու ԱԳ նախարարի հայտարարությունները, որ Բաքվին առաջարկվել է զորքերը հայելային տարբերակով հետ քաշել, որից հետո պետք է իրականացվի սահմանազատման-սահմանագծման գործընթացը: Սյունիքի մարզի համայնքների ներկա ու նախկին ղեկավարները նշում են, որ հայկական կողմը հետ քաշվելու տեղ չունի, հակառակը՝ պետք է հեռանան ՀՀ տարածք ներխուժած ադրբեջանցիները: Դավիթ Բեկ գյուղի վարչական ղեկավար Բենիամին Պողոսյանը Lragir.am-ի հետ զրույցում ասաց․ «Բա մենք հետ գնալու տեղ ունե՞նք, որ հետ գնանք: Մենք հետ գնալու տեղ չունենք, մենք շփման գծով կանգնած ենք, այդ սահմանից հետո գնալու տեղ չունենք, ադրբեջանցիները պիտի հետ գնան»: Խոզնավար գյուղի նախկին վարչական ղեկավար Վարո Գրիգորյանը Lragir.am-ի հետ զրույցում նշեց, որ ադրբեջանիցները դեռ Հայաստանի տարածքում են, չեն հեռանում, այս պայմաններում ինչո՞ւ պետք է հայկական զորքերը հայելային հետ քաշվեն: «Փաստացի այսօր իրենք մեր տարածքում են, օրինակ, Սև լճի հատվածում: Բացի դա՝ մեզնից 800 մետր հեռավորության վրա կանգնած են, ասում են, որ այստեղ իբրև իրենց նախկին սահմանն է եղել: Ես չեմ հասկանում՝ խի՞ մենք պիտի հետ քաշվենք, մենք պետք է հետ գնանք, որ սահմանազատում լինի՞: Մենք հետ գնալու տեղ չունենք, մնում է Երևանը: Էսօր մեր գյուղը իրենցով լրիվ շրջապատված է, մի քիչ էլ առաջ եկան, վերջ, գյուղն իրենցն է: Լավ օրի չհասանք»,- ասաց նա: Վարո Գրիգորյանի խոսքով՝ Սև լիճը նախկինում երբեք ադրբեջանցիներինը չի եղել, բայց այսօր նրանք լճի տարածքում նստած են․ «Դաժան իրավիճակ ա, չենք հասկանում ինչ է լինելու: Եթե գյուղից դուրս ենք գալու, էլ խի՞ են էսքան պահում մեզ, թող պարզ ասեն»: Սյունիքի մարզի Եղվարդ գյուղի նախկին ղեկավար Սպարտակ Զաքարյանն էլ նշեց․ «Եթե մենք հետ քաշվեցինք, մեր տներից պիտի քաշվենք»: Նշենք, որ ամիսներ առաջ Սյունիքի Ագարակ գյուղ տանող ճանապարհն ամբողջովին ադրբեջանական նշանառության տակ էր հայտնվել, ինչի հետևանքով գրեթե շրջափակման մեջ են հայտնվել Ագարակ, Եղվարդ, Ուժանիս, Խդրանց գյուղերը: Ըստ Սպարտակ Զաքարյանի՝ Եղվարդ գյուղի տարածքը հսկվում է սահմանապահների կողմից: «Մի երկու սահմանապահ ունենք, նրանց էլ հետ քաշեցինք, ուրեմն մենք էլ հետները պիտի հետ քաշվենք: Եթե մենք հետ քաշվենք, կնշանակի, որ մեր գյուղերից պիտի դուրս գանք, կնշանակի մեր բնակավայրերը զիջել: Արդեն հասել են մեր բնակավայրերին, ո՞ւր հետ քաշվենք, հետ քաշվելու տեղ չունենք: Մյուս հարցը՝ եթե սահմանազատում-սահմանագծում չկա, մինչև հիմա մեր զորքերը ինչի՞ էին հետ քաշվում, թող սահմանազատում անեին, հետո հետ քաշվեին: Հիմա էլ ո՞ւր պիտի հետ քաշվենք, եկել ենք, մեր տներում նստել ենք, արդեն չգիտենք էլ ինչ անենք»,- Lragir.am-ի հետ զրույցում ասաց Սպարտակ Զաքարյանը: Նա նշեց, որ հայկական կողմը որևէ խախտում չի արել․ «Ես ինչքան տեսնում եմ, մենք խախտած տեղ չունենք, իրենք են խախտել, իրենք էլ պետք է հետ քաշվեն: Մեր համայնքում էլ են խախտել տարածքը, ես հաստատ գիտեմ, որ խախտել են: Եթե սահմանազատումը արդարացի լինի, մենք կարող ենք ապացուցել դա: Իշխանությունն էլ ասում է՝ չեն խախտել, հետ գնացեք, դա իրենց է, տվեք: Դե տվեք, տեսնենք ինչ է լինելու»:

ՌՈԶԱ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ, Լրագրող
21-01-2022 15:23